Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել։ Այս տարի G20-ը նախագահող Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության ղեկավարն ասել է, որ գագաթնաժողովին հրավիրված են բոլոր անդամ երկրների ղեկավարները, որոնց թվում՝ նաեւ Ռուսաստանի նախագահը։ ԱՄՆ-ը ավելի վաղ պնդել էր, որ Ռուսաստանին չպետք է թույլ տալ մասնակցել G20-ի գագաթնաժողովին:
Գագաթնաժողովը կանցկացվի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։ Չինաստանը կոչ է արել G20-ն օգտագործել քննարկելու համար միջազգային ֆինանսատնտեսական հարցերը, ոչ թե Ուկրաինայի իրավիճակը:
Ընդսմին, Վաշինգտոնում G20-ի փակ հանդիպմանը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ տեսակապի միջոցով ելույթի ընթացքում աշխարհի առաջատար երկրների, մասնավորապես ԱՄՆ եւ ԵՄ ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչները լքել են դահլիճը:
Քայլեր է ձեռնարկում, որ ՌԴ-ի վրա պատերազմը թանկ նստի
Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Վաշինգտոնում G7-ի ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման վերաբերյալ համատեղ հայտարարությունում նշված է, որ G7-ը գործընկերների հետ կշարունակի քայլեր ձեռնարկել, որ Ռուսաստանի վրա այս պատերազմը թանկ նստի:
Մեծ յոթնյակի երկրները նաեւ կշարունակեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացմանն ու դրանք շրջանցելու ցանկացած փորձի կանխմանն ուղղված սերտ համագործակցությունը:
Մեծ յոթնյակի երկրները ափսոսանք են հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։