Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական գազի կտրուկ էմբարգոն չի կանգնեցնի Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, այլ ընդամենը կհանգեցնի Ռուսաստանում եւ ամբողջ Եվրոպայում լրջագույն տնտեսական ճգնաժամի։
Գերմանիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ եթե Պուտինը ընդուներ տնտեսական փաստարկները, նա երբեք չէր սկսի այդ խելահեղ պատերազմը:
Շոլցը նշել է նաեւ, որ Գերմանիայի իշխանությունները ձգտում են խուսափելու տնտեսական ճգնաժամից, միլիոնավոր աշխատատեղերի եւ գործարանների կորստից։ Մինչդեռ էմբարգոյի արդյունքում կարող է տուժել ողջ եվրոպական տնտեսությունը, ինչը դժվարություններ կառաջացներ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար։
Եվրամիությունը Ռուսաստանից ստանում է իր սպառած գազի մոտ 40%-ը։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ անհնար է նման ծավալի այլընտրանք գտնել կարճ ժամկետում, իսկ մատակարարումների դադարեցումն անխուսափելիորեն կհանգեցնի վառելիքի դեֆիցիտի եւ քաղաքացիների համար՝ էներգակիրների գների բարձրացման։
Ղազախական գազը նախընտրելի է ռուսականից
Ավստրիական Kurier պարբերականը հայտնել է, որ Ավստրիան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության սկսվելուց հետո հրաժարվել է ռուսաստանյան նավթի գնումներից:
«Ռուսաստանում նավթի գնման ծավալները միշտ շատ ցածր են եղել, պատերազմի սկսվելուց ի վեր այն փոխարինել ենք շուկայի այլ նավթով»,- շեշտել է ավստրիական OMV Group ընկերության ներկայացուցիչը:
Երկրի Վիճակագրական վարչության եւ Նավթային արդյունաբերության ասոցիացիայի տվյալներով՝ 2021-ին ՌԴ-ին բաժին է ընկել նավթի ավստրիական ներմուծման միայն 7,8%-ը կամ 596 հազար տոննա: Ընդ որում՝ Ավստրիայում նավթի կարեւորագույն մատակարարն արդեն երկար տարիներ Ղազախստանն է: Վերջինիս բաժին է ընկնում ամբողջ ներմուծման 38,9%ը: Երկրորդ տեղում Լիբիան է՝ 22,1%, երրորդում՝ Իրաքը՝ 20,7%: