Երբ ինձ ասացին, որ Երեւանում ջահերով երթ է լինելու, անկեղծ ասած, վախեցա։ Եվ մեզնից շատերը, որոնք եկել էին Ռուսաստանից, նույնպես տագնապի մեջ էին, քանի որ ջահերով երթի հետ կապված ունեինք միայն մեկ ըմբռնում՝ ֆաշիզմ, Մուսոլինիի Իտալիա, Երրորդ Ռեյխ։ Եվ ընդհանրապես, սարսափելի է, երբ հազարավոր մարդիկ ջահերով անցնում են քաղաքով, ինչ-որ բան վառում, կարգախոսներ վանկարկում։ Մի տեսակ անհարմարության զգացում ես ունենում։
Իրականում սա կարծրատիպ է, որը գալիս է մեր անտեղյակությունից է, թե ինչ է կատարվում աշխարհում։
Նման երթեր տեղի են ունենում նաեւ ԱՄՆ-ում, նույնիսկ Ռուսաստանում, սակայն դրանք որեւէ կապ չունեն ֆաշիզմի հետ։
Իսկ Հայաստանում 1999 թվականից սկսած ավանդույթ է դարձել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Երեւանի կենտրոնից ջահերով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլելը։ Այս ամենը կազմակերպում են դաշնակցականները, «Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը»։ Ամենահին (հիմնադրվել է 1890 թվականին) ձախ ազգայնական կուսակցությունն է, 1918 թվականին եղել է Հայաստանում իշխող կուսակցություն։
Այս տարի Ցեղասպանության 107-ամյակն է, այն տեղի է ունեցել 1915 թվականին, իսկ դաշնակցականները գործում են արդեն 132 տարի։
Կարեւոր փաստ. հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ դաշնակցականները բազմիցս գործել են իշխող կուսակցության հետ կոալիցիայում։ Իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո նրանք ընդդիմադիր են։ Եվ այն ամենը, ինչ անում են, ունի ընդդիմադիր բնույթ, այդ թվում՝ այս երթը։
Եվ ահա, ապրիլի 23-ի երեկո, Հանրապետության հրապարակ։ Կառավարության շենքի դիմաց հսկայական բեմ է կառուցված, երթեւեկությունը արգելափակված է։ Բեմի դիմաց կանգնած են տասնյակ դեռահաս դպրոցականներ՝ մուգ կանաչ շապիկներով։ Ավագ դպրոցի սովորողներ, գրեթե երեխաներ։ Եվ հիմնականում, չգիտես ինչու, աղջիկներ են: Մեկի մազերը կանաչ են, մյուսը քթին պերսինգ ունի։ Կրծքներին ամրացված են դաշնակցական նշաններ՝ սուր, բահ, փետուր։ Մեջքներին սպիտակ խաչեր են, որոնք զինվորները կրում էին նաեւ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։
Ի դեպ «Արցախ» բառը հրապարակում անընդհատ է հնչում, եւ շատ են Արցախի դրոշները։ Դա նույն հայկական եռագույնն է, բայց ունի երկու սպիտակ սանդուղքաձեւ գծեր՝ մեկը վեր է տանում, մյուսը՝ վար։
Հրապարակը լեփ-լեցուն է մարդկանցով. մոտավոր հաշվարկներով երթին մասնակցել է 15 հազար մարդ: Երեւանի համար սա մեծ ցուցանիշ է, նույնն է թե Մոսկվայում 150 հազար մարդ դուրս գա։
Մեծ աղմուկ է, շատ բարձր են խոսում, գրեթե անհնար է իրար լսել: Անընդհատ հնչում է երաժշտություն եւ «Զարթի՛ր, լաո՛» երգը, որ նշանակում է «Արթնացե՛ք»: Այն ինչ-որ չափով հիշեցնում է մեր հեղափոխական երգերը։ Դա էր նաեւ երթի կարգախոսը. ջահակիրների առջեւի շարքում այս մակագրությամբ հսկայական պաստառ էին պահել:
Ամբոխը բաժանվում է։ Հետեւումս մեկն ասում է՝ Քոչարյանն է եկել, Քոչարյա՛նը։
Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախանախկին նախագահն է. հենց նրա օրոք էին դաշնակցականները իշխանության մեջ։ Նրանից հետո Սարգսյանն էր, հիմա էլ՝ Փաշինյանը։
Բայց Քոչարյանը բեմ չբարձրացավ: Ելույթ ունեցավ [Ազգային ժողովի] փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որ նույնպես հայտնի քաղաքական գործիչ է։ Նա մոտավորապես ասաց հետեւյալը. «Այսօր մենք պետք է պաշտպանենք համայն հայության իրավունքները։ 2020 թվականին Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Ղարաբաղում: Մենք թույլ չենք տա, որ մեր իշխանությունը ոչնչացնի երկրի անվտանգությունն ու մեր հիշողությունը: Սա վճռորոշ օր է։ Մե՛նք պետք է որոշենք մեր ապագան, ոչ թե Փաշինյանը, ով որոշում է մեր ճակատագիրը փակ դռների հետեւում։ Հայաստանն առանց Նիկոլի։ Հայաստանն առանց Նիկոլի»։
Պատկերացրե՛ք, որ Վոլոդինը [ՌԴ պետդումայի նախագահ] գնա Կարմիր հրապարակ եւ սկսի բղավել. «Ռուսաստանն առանց Պուտինի»։ Առաջ նայելով՝ ասեմ, որ Սաղաթելյանի հետ ոչինչ չպատահեց, ոչ ոք մատով չդիպավ նրան։ Բայց ճշմարտությունն այն է, որ Փաշինյանի հետ էլ ոչինչ տեղի չունեցավ։ Ընդհանրապես որեւէ մեկի հետ։ Ի վերջո, սա Հայաստանն է, ոչ թե Ռուսաստանը։
Մինչ նա բղավում էր, իսկ նա իսկապես բղավում էր, ու նրա ճիչը տարածվում էր հրապարակով մեկ, ես մոտեցա հավաքված տղաներին ու հարցրի, թե ինչու են նրանք այդտեղ։ Տղայի անունը Արամ էր, նա երեւանցի չէր, հատուկ այդ օրը եկել էր:
-Իմ պապը Թուրքիայի Մուշ քաղաքից է, որտեղ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ մեր պարտքն է ամեն տարի այս օրը պատմել, թե ինչ է կատարվել մեզ հետ, մեր ժողովրդի հետ։
-Այս ամսաթիվը քաղաքական իմաստ ունի՞, թե՞ պարզապես սգո օր է։
-Ինձ համար ոչ, դա քաղաքականության հետ կապ չունի։ Դա շատ ավելի խորն է ու լուրջ։
Այդ ընթացքում բեմում այրում էին Թուրքիայի դրոշը։ Ասացին՝ ադրբեջանականն էլ են այրել։ Իմ մեջ միամիտ հարց առաջացավ. որտեղի՞ց են դրանք ձեռք բերում: Արդյո՞ք հայկական խանութներում թուրքական դրոշներ են վաճառվում. դժվար է հավատալ։
Ճիչեր, ընդհանուր հուզմունք, աղմուկ, եւ հանկարծ այս ամենի մեջ ամբողջ հրապարակով հայտարարում են՝ երեխա է կորել։ Բոլորն անմիջապես մոռանում են դրոշների մասին ու սկսում փնտրել երեխային։
Եվ այսպես սկսվում է երթը։ Թնդում են թմբուկները, վառվում են ջահերը, հնչում են փողերը։ Քայլում ենք Ամիրյան փողոցով դեպի Օպերա։ Այստեղ՝ Ազատության հրապարակում, արդեն մի քանի օր ընդդիմությունը բողոքի անժամկետ ակցիա է անում, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Անցնում ենք Մարտիրոս Սարյանի հուշարձանի մոտով, որտեղ հաճախ են անցկացվում հակապատերազմական ցույցեր։ Այլ պատերազմի դեմ՝ Ուկրաինայի: Այդ ցույցերին մասնակցում են նաեւ հայերը։
Տեսարանը զարմանալի է եւ ինչ-որ տեղ սյուրռեալիստական: Երեւանի փողոցներով կողք կողքի տանում են ամերիկյան եւ ռուսական դրոշները։ Սրանք այն երկրներն են, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը։ Հայերի համար առաջին հերթին կարեւորը սա է, մնացածը երկրորդական է։ «Զարթնի՛ր» եւ «Արցախ» բացականչություններով մենք անցնում ենք բանկերի, ալկոհոլային խմիչքների խանութների, ատամնաբուժարանների, վարսավիրանոցների, դաջվածքների սրահների կողքով: «Կովկասի գերուհին» ռեստորանի մոտ զարմացած մեզ են նայում Նիկուլինի, Վիցինի եւ Մորգունովի արձանները:
-Մենք 1999 թվականից մասնակցում ենք այս երթերին,- պատմում է երեւանցի Մարինեն։- Կարծում եմ դա յուրաքանչյուր հայի պարտքն է։ Իմ ազգականները Ուրֆա քաղաքից էին, այնտեղ նույնպես ցեղասպանություն է եղել։ Իսկ տղայիս հայրական կողմի ազգականները Մուշից են, այսօր միասին ենք եկել»։
-Ձեզ չի՞ անհանգստացնում, որ երթն իրականում վերածվել է քաղաքական ակցիայի։
-Ցավալի է, բայց նման բան նախկինում չի եղել, այս տարի առաջին անգամ է: Ես առանձնացնում եմ մեկը մյուսից՝ քաղաքականությունն ու ցեղասպանության հիշողությունը։
Որքան մոտենում ենք Ծիծեռնակաբերդի բարձունքին, այնքան երթը խստանում է։
Սկզբում շատերը ժպտում էին, կատակում, խաղում էին իրենց երեխաների հետ, բայց Կիեւյան կամրջին մոտենալիս բոլորը լռեցին, քայլում էին լուրջ դեմքերով:
Կիեւյան կամրջից շրջվելիս ամբոխի մեջ նկատում եմ եւս մեկ դրոշ՝ ուկրաինական։
Բարձունքով անցնող երկար ճանապարհը քայլում ենք լուռ։ Քայլում եմ ու մտածում, որ մեկուկես միլիոնը շատ է։ Ավելի շատ, քան Ռուանդայում։ Այն ժամանակվա ամբողջ հայ բնակչության մոտ կեսը։ Մտածում եմ նաեւ այն մասին, որ դա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էր, երբ մի քանի միլիոն ռուսներ զոհվեցին։ Բայց նրանց ոչ ոք չի հիշում, իսկ հայերը հիշում են 107 տարի անց։
Ճանապարհին հանդիպում ենք ինքնաշեն պաստառի, գրված է. «Մեզ սպանեցին հայրենիքում, բայց հայրենիքը չկարողացան սպանել մեր մեջ»: Հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է, որը վաղուց Թուրքիայի սահմաններում է։ Լավ եղանակին Հայաստանից տեսանելի է Արարատ լեռը, բայց Արարատն էլ Թուրքիայում է։
Ծաղիկների ծով հուշահամալիրում. կարմիր, արյան գույնի շղարշ: Եվ լուսարձակի ճառագայթներն ուղղված դեպի երկինք։ Աղոթքի նման: Գուցե ինչ-որ մեկը լսում է։
Իսկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը եւ այլ պաշտոնյաներ եկել էին Ծիծեռնակաբերդ՝ հարգելու զոհերի հիշատակը։ Ահա թե ինչ է այդ մասին գրել պուտինամետ Տելեգրամ ալիքներից մեկը. «Կեղծավոր սրիկաները դավաճան Փաշինյանի գլխավորությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Այս մասին գրում է Ռուսաստանի հայերի միության ալիքը։ Նրա ամբողջական անվանումը հնչում է այսպես՝ «Армяне России -Z Переzагруzка»։ Հաղորդագրությունից ներքեւ զետեղված են Օդեսայի հրետակոծության մասին լուրերը։ Իսկ ավելի ցածր՝ այն մասին, թե ինչպես են թուրքերը կռվում քրդերի դեմ։
Կարդում ես ու մտածում՝ ասես այս 107 տարին չի էլ եղել։
Ես չեմ հասկանում հայկական քաղաքականության նրբությունները: Ես բարոյական իրավունք չունեմ դատելու Արցախում տիրող իրավիճակի եւ առավել եւս 1915 թվականի ցեղասպանության մասին։ Դա հայերի ցավն է, նրանց վիշտն է, որ ամեն օր վերքի պես ցավում է։ Բայց ես այլ բան գիտեմ: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա, Հաղթանակի օրվա եւ նման այլ ամսաթվերի հիշատակման իմաստը միայն մեկն է, որ այդ սարսափն այլեւս չկրկնվի։
Իսկ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այն կարող է կրկնվել եւ կրկնվում է:
Թարգմանեց Կարինե Դավոյանը
Լուսանկարները՝ Անի Գեւորգյանի
Մոսկովյան լրագրող, գրող, գրաքննադատ, հինգ գրքերի հեղինակ։ Հեռացել եմ Ռուսաստանից, տեղափոխվել Հայաստան, որպեսզի շարունակեմ անել այն ինչ արել եմ ամբողջ կյանքում, բայց ավելի լավ։