Լիտվական LRT ռադիոկայանին տված հարցազրույցում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու անհրաժեշտություն չկա, հավելելով, որ լիտվացիները կստանան «անդրատլանտյան գործընկերության երկրներում» արտադրվող պատվաստանյութերը:
Շիմոնիտեն նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատվաստանյութն օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով:
Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ որոշ պետություններ որոշել են օգտագործել Դեղամիջոցների եվրոպական գործակալության՝ EMA-ի կողմից չհաստատված չինական եւ ռուսական պատվաստանյութերը:
Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ չսպասելով ԵՄ-ի ընդհանուր որոշմանը՝ Հունգարիան ԵՄ-ում առաջինն է հաստատել չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերը, Չեխիայի վարչապետը հայտնել է, որ քննարկում են այդ հնարավորությունը:
Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հայտարարել են, որ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերը կարող են օգտագործվել, եթե Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հաստատի դրանք:
Ի տարբերություն եվրոպական երկրների, սեփական պատվաստանյութ մշակող Իրանում որոշել են պատվաստումների մի մասն անցկացնել արտասահմանման պատրաստուկներով. առաջին հասանելի պատվաստանյութը ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն է:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Սպուտնիկ V»-ով ներարկվել է Իրանի առողջապահության նախարարի որդին: Նրա հայրը՝ նախարար Սայիդ Նամաքին, նշել է, որ առաջին հերթին կպատվաստվեն ինտենսիվ թերապիայի բժիշկները:
Ավելի ուշ ծրագրում են պատվաստել տարեց եւ հիվանդություններ ունեցող մարդկանց: