Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը։ Նա հավելել է, որ Մոսկվան տրամադրված է կողմերի միջեւ ստեղծել վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ, այսուհետ եւս ամեն կերպ օգնել Բաքվին եւ Երեւանին՝ գտնելու շփման եզրեր:
Գոնչարը միաժամանակ ողջունել է երրորդ երկրների այն նախաձեռնությունները, որոնք ընդունակ են լրացնել համատեղ ջանքերը, եւ որոնք հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա։
Ռուս դիվանագետը նաեւ նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում լուծվում է խնդիրների մի ամբողջ համալիր, դրանց թվում` հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ հետագա սահմանազատման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: