Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում երեխաները դպրոց են գնում՝ ընտանիքի հոգսը շալակած։ Առաջնահերթը տան գործերն են՝ այգին, անասունների խոտն ու ջուրը, հետո միայն դպրոցն ու դասերը․ ապրելու համար անհրաժեշտ եկամուտն այդպես է գոյանում։ Արմատացած այս մտածելակերպի դեմ ուսուցիչները փորձում են պայքարել նաեւ ծնողների հետ բացատրական աշխատանք տանելով, բայց միշտ չէ, որ հաջողում են։
Երկուսուկես տարի առաջ դպրոցի պատմության ուսուցիչ Ալինա Խաչիկյանը համաձայնել է տնօրեն դառնալ՝ «իրավիճակ եւ մտածելակերպ փոխելու» ակնկալիքով։ Պատմում է, որ սկզբում մեծ հույսեր է ունեցել, հետո հասկացել՝ միայն երեխաների հետ չէ իր անելիքը։
«Խնդիրն ավելի խորքային էր, քան պատկերացնում էի։ Էն երեխան, որի ծնողը մի քիչ առաջադեմ է ու, ասենք, հեռանկար է տեսնում, էդքան էլ չի տուժում։ Իսկ էն էրեխեքը, որոնց ծնողների համար առաջնահերթն անասունն է, բաղը (այգին), տուժում են։ Մեծ աշխատանք ենք տանում, օրինակ, որ երեխաներին «Արմաթ» խմբակ բերենք։ Ոգեւորված գալիս են, հետո տուն գնում, ծնողն ասում է՝ ինչի՞դ է պետք։ Կամ, ասենք, երեխան լավ նկարում է, փորձում ես ուղղորդել, ծնողն ասում է՝ դա իրեն ի՞նչ պիտի տա։ Էստեղ խնդիրը ծնողն է, անմիջապես նյութական ինչ-որ բան են ակնկալում»,- ասում է տնօրենը։
Վանաձորում միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստացած Ալինա Խաչիկյանը մարզկենտրոնից 67 կմ հեռավորության վրա գտնվող Կաճաճկուտ է եկել դեռ 2008 թվականին։ Տեղի դպրոցը պատմության ուսուցիչ չի ունեցել, ինքն էլ որոշել է տեղափոխվել ու գոնե մեկ տարի աշխատել։ Բայց մեկը տասներկու է դարձել, որովհետեւ գյուղում ընտանիք է կազմել։ Իսկ այսօր, ասում է, գյուղ եկող մանկավարժներ չկան։
«Մեծ խնդիր է մասնագետների պակասը։ Տասներկու տարի է՝ էստեղ եմ, միայն 2 հոգի է մանկավարժական գնացել սովորելու։ Ալավերդի քաղաքից, Աքորի գյուղից ունենք եկող ուսուցիչներ, բայց ճանապարհները ձմռանը փակվում են, չեն գալիս կամ մեծ դժվարությամբ են գյուղ հասնում»,- պատմում է Ալինա Խաչիկյանը։
Կաճաճկուտի հիմնական դպրոցը չունի զինղեկ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Նշված առարկաների դասաժամերն այլ մասնագետներ են պարապում։
Մարզադահլիճ էլ չկա, ֆիզկուլտուրայի ժամերին բոլորը՝ աղջիկ թե տղա, միայն ֆուտբոլ են խաղում։ Ըստ տնօրենի՝ գյուղում առողջ ապրելակերպը գառան, հորթի ու գնդակի հետեւից վազելն է միայն։
Մնացած դասերի դեպքում էլ կրթությունը լիարժեք չէ, ինչպես ուրիշ դպրոցներում։ Երկկոմպլեկտ դասարանները կոտրում են կրթության մեջքը, ուսուցիչներն են այդպես ասում։ Իսկ Կաճաճկուտի դպրոցում 9-րդից բացի համակցված են բոլոր դասարանները, որտեղ միասին 30 աշակերտ է սովորում։
«Փոքր դպրոցներում մեծ խնդիր են նման դասարանները։ 30-35 րոպեն ինձ եմ տրամադրում, որ դաս բացատրեմ, 10-15 րոպեն՝ երկու դասարանների էրեխեքին։ Չպատմես՝ չի լինում, պատմում ես, էրեխեքի գիտելիքների ստուգումն է թերի մնում»,- ասում է ֆիզիկայի ուսուցիչ Ղարիբ Պողոսյանը։
Նա 38 տարի ղեկավարել է Կաճաճկուտի ութամյա դպրոցը։ Հիմա աշակերտների փոքր թվաքանակն ու դրանով պայմանավորված համակցված դասարանների առկայությունը դպրոցի կենսագրության մեջ խղճուկ իրողություն է համարում։ Ժամանակին 240 աշակերտ ունեցող կրթօջախում հիմա գրեթե տասն անգամ քիչ երեխա է մնացել։ Կաճաճկուտն արտագաղթող գյուղ է դարձել։
«Աշխատանք չկա, երիտասարդությունը դուրս է գալիս։ Հետեւաբար նաեւ աճ չկա։ Էն ժամանակ ունեցել ենք դասարան՝ 38 աշակերտով, հիմա ամբողջ դպրոցում թիվը 30 է։ Գյուղում մնացողներն էլ իրենց էրեխեքի կրթությամբ շատ չեն շահագրգռված։ Շատերը անտարբեր են, բացատրում ես, ասում է՝ ես որ չեմ սովորել, չեմ ապրո՞ւմ։ Բախտի քմահաճույքին են թողնում էրեխանցը։ Էսօր գյուղում որ էրեխա է ծնվում, արդեն ընտանիքից գիտենք՝ սովորո՞ղ է լինելու, թե՞ չէ։ Այսինքն՝ էդ տանը կրթության նկատմամբ վերաբերմունք կա, ու նրանց էրեխեքը պիտի սովորեն։ Իսկ ընտանիքներ էլ կան, ժառանգաբար անասնապահությամբ են զբաղվում, իրենց էրեխեքին էլ ներգրավում են, դասի չեն ուղարկում, ասում են՝ օգնում է»,- իր մտահոգությունն է կիսում երկարամյա մանկավարժը։
Դպրոցի համար հարմարեցված շենքում պայմանները լավն են․ տանիքը նորոգված է, պատուհանները՝ փոխված։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով ճաշարանն են նորոգել, որը դեռ չեն օգտագործում։ Տնօրենն ասում է, որ տարբեր ընկերությունների եւ բարերարների նամակներ է ուղարկում՝ սեղան-աթոռներ ձեռք բերելու խնդրանքով։
Կաճաճկուտում երեխաների համար դպրոցում եւ դրանից դուրս այլընտրանքային զբաղմունք չկա։ Երգող, նկարող եւ այլ շնորհներով օժտված աշակերտներն, ըստ տնօրեն Ալինա Խաչիկյանի, «գյուղում ուղղակի կորչում են եւ խեղճանում»։ Վերջին տարիներին կարողացել են հասնել նրան, որ 4-5 աշակերտ հարեւան Աքորի գյուղում երաժշտական դպրոց են հաճախում։ Կարճ ժամանակով գյուղ նաեւ պարուսույց է եկել։ Բայց մինչեւ հասցրել են ոգեւորվել, պարի դասատուն հասկացել է՝ անբարեկարգ ճանապարհով գյուղ հասնելու ծախսն ու աշխատածը չեն համապատասխանում։
«Մեր գյուղում ընդհանրապես հնարավորություն չկա խմբակների, տարբեր պարապմունքների գնալ: Ճանապարհի պատճառով տրանսպորտ չի աշխատում, քաղաք չենք կարող գնալ»,- ասում է 9-րդցի Անի Ասլանյանը։
Ի դեպ, Ալավերդի-Կաճաճկուտ 12 կմ ճանապարհն անցնում է Աքորի գյուղով։ Անբարեկարգ է Աքորի-Կաճաճկուտ 6 կմ հատվածը, ինչի պատճառով տրանսպորտ չի աշխատում․ երթուղին վարորդներին ձեռնտու չէ։
Այս պայմաններում մշակույթի եւ այլընտրանքային կրթության բացը լրացնելու նպատակով Կաճաճկուտի հիմնական դպրոցի տնօրենը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին է դիմել, նաեւ ծնողների հետ համաձայնության եկել՝ շաբաթական երկու անգամ երեխաներին Աքորի գյուղ հասցնելու, որտեղից էլ ՔՈԱՖ-ը նրանց ՍՄԱՐԹ կենտրոն կտեղափոխի։
«Ահագին բան կփոխվի էրեխեքի կյանքում, մի քիչ առաջ կգնան»,- կարծում է տնօրենը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։