10 տարի առաջ, երբ Դալմայի տարածքում նոր էր սկսվում էլիտար թաղամասի շինարարությունը, հնագետներն ահազանգում էին, որ դա կարող է վտանգ ներկայացնել տեղի պատմամշակութային արժեք համարվող ջրանցքի համար: «Կանաչ արդարություն» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիա» լրատվամիջոցի թղթակիցը, մասնակցելով Ումեշինի եւ Դալմայի ջրանցքների ճանաչողական արշավին, համոզվեց, որ տարիներ առաջվա մտավախությունները տեղին էին, իսկ առկա հետեւանքներով զբաղվողներ չկան:
Դալմայի ջրանցքը սկիզբ է առնում Հրազդանի աջ ափից։ Ջրանցքի երկարությունը մոտ 6․5 կիլոմետր է։ Երկու տեղում ջրանցքի հոսքն ապահովելու համար կառուցվել են թունելներ։
Քարանձավագետ, գիտնական Սմբատ Դավթյանը արշավի ընթացքում պատմեց, որ ուրարտացիներն ավելի խելոք ու հնարամիտ են եղել, ճիշտ են հասկացել երկրաբանական կառուցվածքը եւ թունելները փորել են առանց գործիքների միջամտության՝ ժայռի մեջ առանձին կտորներով ճեղքեր հեռացնելով: Քարերը հեռացրել են այնքան, որքան պետք է ջրանցքի թողունակությունն ապահովելու համար:
Դալմայի ջրանցքը երկարատեւ անգործությունից հետո 19-րդ դարի սկզբում վերականգնվել է Երեւանի վերջին սարդար Հյուսեին Ղուլի խանի օրոք։ Նա վարպետներ է հրավիրել Պարսկաստանից, որոնք էլ գտել եւ մաքրել են թունելները (պարսկերեն «դոլմիե» բառը նշանակում է թունել․ այստեղից էլ՝ ջրանցքի անվանումը)։ Ընդ որում՝ իրանցի վարպետները թունելների խցանված հատվածները մաքրել են վերեւից փորված հորերի օգնությամբ։ Սրանք զգալիորեն տարբերվում են ուրարտացիների թունելաշինության տեխնոլոգիաներից, որոնք օգտագործել են միայն հորիզոնական «հորատանցման» մեթոդները։
20-րդ դարում եւս թունելները վերակառուցվել են՝ 1930 եւ 1950-ական թվականներին։ Ընդ որում 1950-ականների վերջերին կատարված վերակառուցումը վերացրել է «ուրարտական հետքը», քանի որ թունելը գրեթե ամբողջությամբ բետոնապատվել է։
Արշավի ընթացքում համոզվեցինք, որ հարակից էլիտար շենքերի կոյուղաջրերը մասամբ թափվում են հենց այստեղ:
Մեզ հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասաց, որ այդ խնդրի լուծման համար հստակ տվյալներ են հարկավոր:
«Պետք է նշել, թե որ տարածքներում է դա նկատվել, որտեղից են գալիս այդ կոյուղաջրերը: Դա մեր իրավասության տակ կլինի, եթե հայտնաբերվի վթարված ցանց, կամ առաջանա շահագործման խնդիր»,- պարզաբանեց Սարգսյանը:
Հուշարձանների ուսումնասիրության, հաշվառման եւ պահպանության համակարգի փորձագետ Աշխեն Ջուլֆալակյանին էլ անհանգստացրեց ջրանցքի աղտոտվածությունը, որի լուծման համար վերջինս առաջարկեց ցանցապատել այն եւ ավելի խիստ վերահսկողություն սահմանել:
«Լավ կլինի, եթե ջրանցքը փակ լինի, որպեսզի մարդիկ իրենց աղբը չլցնեն այդտեղ: Հաճախակի պետք է մաքրումը կազմակերպել, որովհետեւ ջուրն էլ է իր հետ աղբ ու տիղմ բերում: Դալմայի ջրանցքը որոշ մասերում վնասված է, պետք է վերանորոգվի, որպեսզի խուսափենք ջրի կորստից ու ջրագողությունից»,- ասաց նա:
Սակայն արդյո՞ք ճիշտ կլինի ջրանցքները փակելը։ Չէ՞ որ հիմա ամբողջ աշխարհում վտակները, գետահուներն օգտագործվում են քաղաքների միկրոկլիմայի կարգավորման համար, դառնում գեղեցիկ հանգստավայրեր:
Արշավի ընթացքում երկրորդ կանգառը Ումեշինի ջրանցքն էր: Տեղի բնակիչները հոգ են տանում վերջինիս մասին, սակայն մեկ է, աղտոտվածությունն ամբողջությամբ փչացնում է պատկերը: Պետական վերահսկողությունն ու մասնագետների խնամքն այս պարագայում տեղին կլինեն:
Ումեշինի ջրանցքը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում: Այն սկիզբ է առնում Երեւանյան լճից եւ ոռոգման ջուր է հասցնում Էջմիածին քաղաքին: Ջրանցքի ջրից այսօր օգտվում են նաեւ երեւանաբնակները, ովքեր ջրանիվների շնորհիվ կարողանում են դեպի իրենց հողամասեր ոռոգման ջուր հասցնել:
Աշխեն Ջուլֆալակյանը կարծում է, որ անհրաժեշտ է ոստիկանության միջնորդությամբ բնակիչներին զգուշացնել՝ այդ տարածքում աղբ չկուտակել ու տարածքը մաքուր պահել: Եթե մեկ անգամ նման խստություն կիրառվի, մյուս անգամ այդքան չի աղտոտվի պատմամշակութային այս վայրը:
Ջրանցքը վնասված տեղեր ուներ, ինչի հետեւանքով ջրի ակնհայտ կորուստ է նկատվում: «Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնեցին, որ այս պարագայում օգնել չեն կարող, որովհետեւ ջրանցքներն իրենց վերահսկողության տակ չեն, կազմակերպությունը միայն խմելու ջուր է մատակարարում:
Ջրանցքները գոյության երակներ են, առանց որոնց մեր քաղաքն անապատի կվերածվի: Դրանց հանրահռչակումը պահպանության ամենակարեւոր նախապայմանն է:
Եթե չգիտես՝ ինչ ունես, չգիտես նաեւ դրա գինը:
Միջոցառումը կազմակերպել էին «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն եւ «Դալմա-Սոնա» հիմնադրամը «Կանաչ արդարություն» համատեղ ծրագրի շրջանակում, որն իրականացվեց «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: