Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախյան պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Արգենտինայի եւ մի շարք այլ երկրների հայերը հանգանակել են շուրջ 27 միլիոն դոլար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը նշել է, որ Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրով վերանորոգվել են 1000-ից ավելի վնասված բնակարաններ, առանձնատներ, տեղադրվել պատուհանների ապակիներ:
«Կառավարություն փոխանցված միջոցներով՝ 300 հազար եւ 68000+15000 դրամի չափով, ֆինանսական աջակցություն են ստացել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ: Բացի այդ՝ Արցախ է հասել հսկայական քանակի հումանիտար օգնություն՝ հոսանքի հզոր գեներատորներ, մեքենաներ եւ բազմապիսի այլ օգնություն»,- նշել է Աշոտ Բարսեղյանը:
Հիմնադրամի տվյալներով՝ պատերազմի ընթացքում նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի ընթացքում հանգանակվել է 170 մլն 694 հազար 341 դոլար: