Ապրիլի 25-ին Թուրքիայում մարդու իրավունքների տեսանկյունից հետընթացն ավելի խորացավ։ Խստացված պայմաններով ցմահ ազատազրկման դատապարտվեց հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, գործարար Օսման Կավալան` Anadolu Kültür եւ DEPO İstanbul կազմակերպությունների հիմնադիրը։
Ինչո՞ւ դատարանի այս վճիռը նման արձագանք ստացավ ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Օսման Կավալան Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենաակնառու ներկայացուցիչներից է։ Նրա ձերբակալությունը լուրջ մահախոսական է Թուրքիայի ամբողջ քաղաքացիական հասարակության համար։ Նա եղել է առաջիններից մեկը, ով մշակութային մի շարք նախագծեր է իրականացրել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համար եւ նրանց հետ համատեղ։
Կավալայի նպատակն է եղել իր գործունեությամբ նպաստել բազմակարծ, ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Նա մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն երկխոսության եւ բազմամշակութայնության։ Եվ ցույց է տվել, որ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կարող են մշակույթի եւ արվեստի միջոցով ամրապնդել հարաբերությունները ժողովուրդների միջեւ:
2000-ականների սկզբին առաջին թուրք հասարակական գործիչներից է, ով այցելել է Հայաստան, հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, համատեղ ծրագրերի գաղափարով հանդես եկել։ Իր կազմակերպությամբ եղել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» լայնածավալ ծրագրի անդամներից մեկը։ Համատեղ նախագծերից են, օրինակ, «Հայաստան-Թուրքիա կինոհարթակը», «Քարերի քաղաք Անի» ցուցահանդեսը՝ նվիրված Անիի մշակութային ժառանգությանը։
2015 թվականին նրա նախաձեռնությամբ Թուրքիայում իրականացվեց «In Memoriam | April 24» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
2017 թվականի նոյեմբերի 1-ին Օսման Կավալան ձերբակալվեց Ստամբուլի օդանավակայանում առանց հստակ մեղադրանքի։ Մեկ տարուց ավելի դատախազությունը չէր հայտնում, թե որն է նրա կալանավորման պատճառը։ Շուտով հայտարարվեց, որ Կավալան մեղադրվում է 2013 թվականին Գեզի այգու բողոքի ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման համար։
Քանի որ իրեղեն ապացույցներ չկային, այդ մեղադրանքից Կավալան արդարացվեց, բայց հենց հաջորդ օրը նոր մեղադրանք ներկայացվեց՝ 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման, լրտեսության, «Ջորջ Սորոսի Թուրքիայի լրտեսի» մեղադրանքով։
Որպես ապացույցներ դատարանին ներկայացվել են Օսման Կավալայի կազմակերպության՝ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջոցառումները՝ դրանք որակելով որպես անջատողական լոբբինգի տարրեր։
Ի վերջո ի՞նչ են նշանակում Օսման Կավալայի ցմահ ազատազրկումն ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի քանի այլ ներկայացուցիչների 18 տարվա ազատազրկումը։ Սա հստակ նախազգուշացում է Թուրքիայի քաղհասարակության կազմակերպություններին՝ խուսափել ազատ խոսքի արտահայտումից, մի շարք խաղաղարարական ծրագրերի իրականացումից։ Սա վախի ու սպառնալիքի մթնոլորտի արմատավորումն է, ինչն իրականում սկսվել էր դեռեւս 2016-ի հեղաշրջման փորձից հետո։