ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը Եվրատլանտյան տարածաշրջանում տասնամյակներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրներ է վեր հանել: Լավրովը դարձյալ շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության։
Անտոնիու Գուտերեշը հանդիպմանն ընդգծել է հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ «Այսօրվա բարդ իրավիճակի պատճառով մենք տարբեր պատկերացումներ ունենք Ուկրաինայում զարգացումների վերաբերյալ»,- նշել է նա: Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է նվազագույնի հասցնել Ուկրաինայում ճգնաժամի բացասական հետեւանքներն ամբողջ աշխարհի համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի նաեւ Վլադիմիր Պուտինի հետ: Ապրիլի 28-ին նա կմեկնի Կիեւ, որտեղ կհանդիպի Վալդիմիր Զելենսկու հետ։
Ավելի վաղ Գուտերեշն ուղերձներ է հղել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով իրեն ընդունել Մոսկվայում եւ Կիեւում՝ խաղաղության հաստատմանն ուղղված շտապ քայլերը քննարկելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անկարայում ապրիլի 25-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թարմացում.
Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: Գուտերեշն առաջարկել է ստեղծել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներից կազմված մարդասիրական կոնտակտային համատեղ խումբ՝ մարդասիրական միջանցքներ կազմակերպելու համար։
ՌԴ նախագաը պնդել է, թե միջանցքներն իրականում բաց են։ Նա ընդգծել է, թե Մարիուպոլի Ազովստալում ռազմական գործողությունները դադարեցված են իր հրամանով, իսկ ուկրաինացի զինվորականները գործարանի տարածքում խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան։ Պուտինը նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են առցանց։ ՌԴ նախագահը պնդել է, թե Ռուսաստանը ստիպված է եղել ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները՝ ցեղասպանությունը դադարեցնելու համար: