Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը խոր հիասթափություն է հայտնել հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Կավալային առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Ստամբուլի դատարանի որոշման կապակցությամբ:
«Այն փաստը, որ Կավալան մոտ հինգ տարի անցկացրել է նախնական կալանքի տակ եւ այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտող ճանաչված դատավարության արդյունքում, ցնցող է»,- նշել է Քոքսը:
ԵԽԽՎ նախագահը հիշեցրել է, որ Օսման Կավալայի գործով Ստրասբուրգի դատարանի որոշումը չկատարելը ԵԽ Նախարարների կոմիտեին ստիպեց գործը փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ԵԽԽՎ նախագահը պնդել է, որ Կավալան պետք է անհապաղ ազատ արձակվի:
Քոքսը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ վերանայելու երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, օրենքի գերակայությանն առնչվող իրավիճակը: