Բելգիայում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար-հուշարձանը 1915 թվականի ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին, ենթարկվել է վանդալիզմի: Խաչքար-հուշարձանի պատվանդանին վանդալները երեք կարմիր կիսալուսին են նկարել, ապա պոլսահայ պատգամավոր Գարո Փալյանին հասցեագրված հայհոյախառն անգլերեն արտահայտություններ գրել։
Բելգիայի հայերի կոմիտեն, խստորեն դատապարտելով պղծումը, նշել է, որ արարքը կարող է մեկնաբանվել միայն որպես թշնամանքի արտահայտություն եւ փորձ՝ վախեցնելու ծագումով հայ բելգիացիներին, որոնց մեծ մասը սերում է ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների հատուկենտ փրկվածներից։
«Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի Հանրապետության իշխանությունների եւ դրան առնչվող տեղական ու միջազգային ասոցիացիաների, այլ երկրների տեղական կառավարման մարմիններում ընտրված ծագումով թուրք պետպաշտոնյաների խիստ հակահայկական նախապաշարմունքի ամենատարածված դրսեւորումն է ինչպես Բելգիայում, այնպես էլ այլուր», — ասված է հաղորդագրությունում։
Բելգիայի հայերի կոմիտեն հասարակական ու պետական գործիչներին, կառավարման մարմիններին, ասոցիացիաներին կոչ է արել՝ ի գիտություն ընդունելու ատելության հրահրման այս կամայական եւ ուղղորդված դրսեւորումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտումը եւ հայերի նկատմամբ ատելության նախապաշարմունքը:
Սույն դատապարտելի զանցանքի կրկնվելուց խուսափելու համար Բելգիայի հայերի կոմիտեն թուրք համայնքային կազմակերպություներին հորդորել է դատապարտել այս արարքը: