Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Նա չի բացառել նաեւ, որ Ուկրաինան հետագայում ձգտի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը՝ Օսթինն ընդգծել է, թե չէր ցանկանա շահարկել այդ թեմայով: «Դա ինքնիշխան ընտրություն է ինքնիշխան որոշում,- նշել է Պենտագոնի ղեկավարը:- Այժմ այդ հարցը չի քննարկվում»:
Ուկրաինայի նախագահն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու եւ Ղրիմի կարգավիճակի հարցն այն բանից հետո, երբ դադարեցվեն ռազմական գործողությունները, եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից:
Գերմանիայում տեղակայված ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում Վաշինգտոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած մոտ 40 երկրների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են Կիեւին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների եւ դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիեւին։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Ուկրաինային անհրաժեշտ է մեր օգնությունը, եւ դեռ անհրաժեշտ կլինի, երբ պատերազմն ավարտվի»,- նշել է Պենտագոնի ղեկավարը: