Հայաստանի նախկին իշխանությունները, որոնք այսօր խորհրդանական ընդդիմությունն են, հերթական անգամ դուրս են եկել փողոց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ թիմին հեռացնելու նպատակով:
Ութ հիմնական անձինք եւ ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Վահե Հակոբյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայրենիք» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, Փաշինյանին փորձում են իշխանությունից հեռացնել այն մեթոդներով, միջոցներով ու ճանապարհով, որով Փաշինյանը եւ թիմը իշխանության են եկել 2018-ի ապրիլին:
Կրկնությունները երբեմն ճիշտ նույնական են:
«Զարթի՛ր, լաո՛»-ն հիշեցնում է «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» նշանաբանը:
Իջեւանից եւ Տիգրանաշենից քայլերթը կրկնությունն է Փաշինյանի եւ թիմի՝ Գյումրիից չորս տարի առաջ սկսված գործողությունների: Տարբերություն, անշուշտ կա. եթե Փաշինյանն անձամբ էր սկսել քայլելը, ապա այսօր (դեռեւս) չեն քայլում ո՛չ երկրորդ ու երրորդ նախագահները, ո՛չ էլ ընդդիմության երեւելի մյուս դեմքերը:
Գեղամ Մանուկյանը կրկնել է Նիկոլ Փաշինյանի՝ արագաչափը փակելու գործողությունը:
Ընդդիմության ցանցային պայքարը, որ դեռեւս այնքան էլ ցանցային չէ, չորս տարի առաջվա կրկնությունն է:
Ընդդիմությունը փողոցային պայքարը սկսել է ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:
Եթե 2018-ի հեղափոխության օրերին Փաշինյանն ու թիմը Թուրքիայի եւ Ադրբեջանի անունը ուղղակի չէին հիշատակում, ապա այսօր ընդդիմությունը Հայաստանի քաղաքացիներին փորձում է զորաշարժի ենթարկել՝ շեշտելով Արցախի հարցում եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Փաշինյանի խաղաղասիրական հռետորաբանությունը եւ զիջումների գնալու պատրաստակամությունը:
2021-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց. այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։
2018-ին, ինչպես նաեւ բոլոր այն տարիներին, երբ ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի, օրվա իշխանությունը նրան մեղադրել է «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու» համար:
Նույնն անում է այսօրվա իշխանությունը՝ կրկնելով, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից եւ նոր պատերազմ ու սահմանային բախումներ հրահրել:
Ընդդիմության հակաիշխանական հանրահավաքներն ու փողոցային գործողությունները եղել են վերջին 30 տարիներին՝ 1992-ի ամռանը (ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի ու ԱԻՄ-ի գլխավորությամբ), երբ հայկական բանակը պարտվում էր Արցախի հյուսիսում, 1996-ին (Վազգեն Մանուկյանն ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի), 2004-ին (Բաղրամյան պողոտայում ընդդիմության նկատմամբ բռնությունները), 2008-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի, որն ավարտվեց Մարտի 1-ով), 2013-ին (Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի):
Իրավիճակն, անկասկած, այսօր տարբերվում է նախորդ բոլոր դեպքերից նրանով, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ վստահ չենք, որ այսօր մենք ընդունակ ենք դիմակայելու ադրբեջանական սադրանքներին, ինչի վստահությունն ունեինք նախկին բոլոր դեպքերում:
Մեկ այլ մտահոգիչ հանգամանք՝ Մարտի 1-ը կամ բռնության այլ դրսեւորումներ կարող են լինել, եթե այսօր ընդդիմությունը ունակ լինի փողոցներ դուրս բերելու ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ ու հարյուրհազարավոր Հայաստանի քաղաքացիների:
Այսօր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով փողոցային պայքարի դուրս եկած ուժերից ու անհատներից մի քանիսը որոշ ժամանակ համագործակցել են նրա հետ: Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ-ի տնօրեն (2018-2019), իսկ ՀՅԴ-ն մինչեւ 2018-ի հոկտեմբեր մաս է կազմել նույն Փաշինյանի հեղափոխական կառավարության:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։