«Մենք կվերացնենք թռիչքների սահմանափակումները, մենք պետք է Հունաստան գնանք առանց որեւէ սահմանափակումների, առանց ինքնամեկուսացման»,- Հունաստանի կառավարության ղեկավար Միցոտակիսի հետ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ըստ հունական Greek City Times պարբերականի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ «Կանաչ անձնագրերի» կիրառման հարցը։ Դա մոբիլ հավելված է, որն ակտիվանում է COVID-19-ի դեմ պատվաստվելուց յոթ օր անց։ «Կանաչ անձնագրի» կիրառման հարցում Իսրայելն առաջամարտիկ է։ Էլեկտրոնային փաստաթուղթն այդ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս ճանապարհորդել՝ առանց ավելորդ սահմանափակումների։
Հունաստանի եւ Իսրայելի կառավարությունների ղեկավարները նաեւ համաձայնագիր են ստորագրել զբոսաշրջության ոլորտում համագործակցելու մասին։ Այն նախատեսում է երկու երկրների զբոսաշրջության պետական մարմինների համակարգված մասնակցություն ցուցահանդեսներին, սեմինարներին եւ զբոսաշրջությունը խթանող այլ միջոցառումներին։ Ի շահ փոքր եւ միջին ձեռնարկությունների՝ կլինեն փորձի փոխանակումներ, որոնք կնպաստեն ոլորտի նորարարությանն ու դրանում թվային տեխնոլոգիաների ներդրմանը։