ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախարարությունն իր երկու կառույցների՝ Մտավոր սեփականության գործակալության, Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) աշխատանքում էական փոփոխություններ է մտցնում, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ոչ միայն պետբյուջեից, այլ նաեւ՝ մասնավոր բիզնեսից:
Ըստ նախարարի՝ երկու այդ կառույցների միջոցով գիտությունը պետք է առեւտրայնացվի: Այսինքն՝ գիտական արտադրանքը գրանցվելուց հետո՝ ՆՁԱԿ-ի օգնությամբ կդառնա բիզնեսի համար շահույթի աղբյուր:
Նախարարը հավելել է, որ դա կարող է արտահայտվել որոշակի հարկային արտոնություններով կամ այլ տիպի խրախուսանքով, բայց «բիզնեսն ու գիտությունը պիտի մոտեցվեն»:
«Երեւանը 10 ամենաապահով քաղաքներից է՝ բռնության հանցագործությունների նվազ քանակով: Շատ լավ միջավայր է, որ հարեւան երկրներից մարդիկ տեղափոխվեն Հայաստան, եւ Հայաստանում եւս գոյանան ընկերություններ, որոնք կկարողանան ստեղծել պրոդուկտներ աշխարհի համար»,-ընդգծել է նախարարը: