Որքան էլ Սերժ Սարգսյանը ջանա ապացուցել, թե բանակցային լավ վիճակ է փոխանցել Փաշինյանին, չի կարողանալու։ Ինքն է 2018-ի ապրիլի 17-ին Ազգային ժողովում, երբ վարչապետ էր պատրաստվում դառնալու, հայտարարել, թե «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է,- ապա ավելացրել է,- կանգնած է, որովհետեւ այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»,- ապա շարունակել, որ Ադրբեջանի համար «փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից»։
Եթե մտովի 1998 թվական վերադառնանք ու վերհիշենք, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ շրջանի բանակցային ընթացքը, թե ուժերի ինչ հարաբերակցությամբ, ինչպես եւ ինչի շուրջն էին պայմանավորվում կողմերը, թե կողմերից որն ինչ էր զիջում եւ վերջնարդյունքում ինչ էր ձեռք բերում, ապա 1998-ին Արցախի հարցը շահարկելով իշխանության եկած գործիչներին, որոնցից մեկն էլ Սերժ Սարգսյանն էր, մեկ հարց պետք է ուղղվի․ ի՞նչ են նրանք 20 տարի շարունակ արել, որ հասել են 2018-ի վիճակին:
Այս հարցը նրանք շրջանցում են։ Կլինի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե նրանց մանր ու մեծ արբանյակները, իրենց սխալը չեն ընդունել ու երբեք չեն ընդունելու։ Ո՛չ իրենց մտքում եւ ո՛չ էլ բարձրաձայն չեն խոստովանի, որ 1998-ին սխալվել են։ Ոչ մի դեպքում չեն ընդունի, որ իշխանության գալուց հետո իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում մեր երկիրն անընդհատ ու բոլոր բնագավառներում նահանջել է եւ չէր կարող 2018-ի սահմանագծին չհասնել, երբ Ադրբեջանն արդեն այնքան էր վստահ, որ Հայաստանից միայն զիջումներ էր պահանջում։
Նրանք տարիներ շարունակ հասարակությանը մոլորեցրել են։ Վստահեցրել են, թե ամուր են մեր դիրքերն, ու հաղթական դիրքերից են բանակցում։ Հավատացրել են, թե ուժեղ ենք այնքան, որքան եղել ենք ու պատերազմից չենք վախենում։ Հաշտության ու համակեցության կողմնակիցներին պարտվողականներ անվանելով լուսանցք են մղել։ Չեն տեսել, չեն կարողացել տեսնել վտանգները, որ առջեւում են։ Չեն հասկացել, որ ժամանակը մեր դեմ է աշխատում։
Չկարողանալով ճիշտ համադրել մեր ցանկությունները եւ մեր հնարավորությունները, մեր հնարավորություններին ոչ համարժեք խնդիրներ առաջ քաշելով՝ նրանք են մեզ 2018 թվական հասցրել, երբ բանակցություններ չկային արդեն, իսկ մինչեւ 2020-ի պատերազմ ու պարտություն մեկ քայլ էր մնացել, որն էլ կատարեց Փաշինյանը։
Փաշինյանն, իհարկե, ճիշտ է՝ իրեն տապալված բանակցային գործընթաց է ժառանգվել։ Այլ խնդիր է, որ նման ժառանգության պարագայում իր անելիքը չի հասկացել։ Գործել է վիճակին անհամարժեք ու անպատասխանատու։
Ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ Փաշինյանն այսօր խոսում է իր սխալներից։ Իսկ նրա դեմ պայքարող ընդդիմադիրները, որ հրապարակում են ու խորհրդարանում, որոնց մեղքով է նաեւ, որ ունենք այս վիճակը, իրենց սխալներից չեն խոսում։ Իրենց սխալներից խոսելու փոխարեն Փաշինյանի սխալներն են մատնացույց անում։ Փաշինյանի սխալների հաշվին միավորներ են փորձում վաստակել։ Փաշինյանի սխալներով իրենց սխալներն են կոծկում։
Նրանք, որ հարեւանների հետ առկա հակասությունները փոխհամաձայնությամբ լուծելուն դեմ էին, որ հակամարտությամբ կայացել ու ապրել են, որ տարիներ շարունակ հայտարարել են, թե ոչինչ չեն զիջելու, այսօր նույն ռազմահայրենասիրական կարգախոսներով իշխանությունը հետ վերցնելու հայտ են ներկայացնում։ Խոսում են բանակը զինելուց, հզորացնելուց ու կորցրածը հետ բերելուց։
Ինչպես պետք է զինենք, ինչ միջոցներով՝ չեն ասում։ Չեն ասում, թե ինչպես ենք սպառազինությունների մրցավազքում հաղթելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող հակառակորդին։ Հաղթանակներ, սակայն, խոստանում են։ Կոչ են անում գնալու իրենց հետեւից։ Հոգ չէ, որ առջեւում կարող է նոր պարտություն լինել։ Կարեւորն իշխանություն ձեռք գցելն է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։