Թերապեւտ եւ ռեանիմատոլոգ Արմեն Հովհաննիսյանը Մայամիում էր՝ ընկերոջ ծննդյան երեկույթին, երբ իմացավ, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երեկույթն ընդհատվեց: Նա անմիջապես վերադարձավ Լոս Անջելես, տոմս գնեց եւ հոկտեմբերի 2-ին մեկնեց Հայաստան: Տեղ հասնելուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից գործուղվեց Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ էլ պատերազմի առաջին՝ ամենաթեժ օրերին բուժում էր զինվորներին: Այնուհետեւ աշխատանքը շարունակեց Խնձորեսկում, Իշխանաձորում, Քաշաթաղում, Շուշիում: Պատերազմի վերջին օրերին Կապանում էր: Լոս Անջելեսի իր մասնավոր կլինիկայում բժիշկ Հովհաննիսյանը մեզ պատմում է իր տպավորությունների մասին. «Վիրահատարանում էի, երբ լուր ստացա, որ հրադադարի պայմանագիրը ստորագրվել է: Եւս չորս օր մնացինք Կապանում: Հետո վերադարձա Երեւան եւ շարունակեցի աշխատանքս տարբեր հիվանդանոցներում մինչեւ դեկտեմբերի 2-ը: Երկու ամիս պատերազմ…»:
Այդ ամբողջ ժամանակահատվածում բժիշկ Հովհաննիսյանն աշխատել է հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում եւ առաջնագծում: «Վերակենդանացման բաժանմունքում ոչ մի վայրկյան ազատ ժամանակ չկար: Երբեմն մեկ հիվանդին անհրաժեշտ էր մեկից ավելի բժիշկ: Ամեն ինչ անցնում էր մեր բաժանմունքով։ Մենք էինք որոշում՝ հիվանդին երբ վիրահատել կամ վիրահատել, թե ոչ: Հիվանդները բոլոր բժիշկների ուշադրության կենտրոնում էին. մասնագիտական տարբերությունները վերացել էին»:
Պատերազմի ընթացքում բժիշկներն ամբողջ աշխարհից շտապում էին Հայաստան եւ Արցախ: Աշխատանքի ծավալն ահռելի էր: Քչերն ունեին ռազմական բժշկության մեջ փորձ: Շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչպիսի վնասվածքների հետ էին գործ ունենալու:
«Մեզանից ոչ ոք պատրաստ չէր այս իրողությանը: Չեմ ուզում վիրավորել իմ գործընկերներից որեւէ մեկին, բայց իմ կարծիքով թշնամին մեզ հաղթեց նաեւ իր առողջապահական համակարգով: Ես չեմ խոսում Սփյուռքի կամ Հայաստանի իմ գործընկերների պրոֆեսիոնալիզմի մասին. մենք հրաշալի բժիշկներ ունենք: Բայց ընդհանուր առմամբ մեր ռազմական բժշկությունն անպատրաստ էր»։
Իհարկե, բուժման մոտեցումների միջեւ տարբերություններ կան, բայց մասնագետներն աշխատում էին աննախադեպ համախմբվածությամբ. «Օրեր շարունակ քնում էինք հատակին՝ կողք կողքի՝ նույնիսկ չիմանալով միմյանց անունները: Այնքան զբաղված էինք, որ օրեր անց միայն իմացա՝ բժիշկներից մեկը Լոս Անջելեսում իմ հարեւանն է: Քննարկում էինք, փորձում ավելի լավ լուծումներ գտնել. նպատակը մեկն էր՝ անել հնարավոր ամեն բան՝ փրկելու զինվորներին»:
Վերադառնալով ԱՄՆ՝ բժիշկ Հովհաննիսյանը վերագնահատեց իր փորձառությունը: Ըստ նրա՝ արտասահմանյան բժշկությանը հատուկ կառուցվածքային շատ ասպեկտներ Հայաստանում բացակայում էին, ինչը վատթարացնում էր իրավիճակը պատերազմի օրերին:
«Հայաստանում մենք փայլուն վիրաբույժներ ունենք: Բայց կլինիկական օրդինատուրայի նորավարտ երիտասարդ վիրաբույժները, չնայած տեսական մեծ գիտելիքին եւ նվիրվածությանը, գործնականում պատրաստ չէին բարդ վիրահատությունների: Հայաստանում օրդինատուրայի ծրագրերը համարժեք չեն բժշկական գործընթացներին»,- ասում է Հովհաննիսյանը:
Փոխադրման համակարգը նույնպես անպատրաստ էր: Հիվանդին առաջնագծից հիվանդանոց կամ մի քաղաքից մյուսը տեղափոխելը զգալի դժվարություններ էր առաջացնում փոխադրամիջոցների քանակի եւ ճանապարհների որակի պատճառով:
«Երբեմն հիվանդին տեղափոխելը 4-5 ժամ էր տեւում: Տեղափոխման ընթացքում անհնար էր օգնություն հասցնել: Անգամ հիվանդի ջերմաստիճանը ստուգելու համար ստիպված էինք կանգնեցնել մեքենան: Նույնիսկ երբ մեքենան վարում էին 20 կմ/ժ արագությամբ, ձեռքս ցնցվում էր: Հեշտ էր տեղափոխել միայն խոր քնի մեջ գտնվող հիվանդին»,- հիշում է բժիշկը:
«Միայն երկու ուղղաթիռ էր նախատեսված վիրավոր զինվորների տեղափոխման համար: Դրանք էլ աշխատում էին առանց նավիգացիայի, հետեւաբար չէին կարող գիշերը տեղափոխել: Ուղղաթիռների տարողունակությունն այնքան սահմանափակ էր, որ միայն բժիշկն ու օդաչուն կարող էին տեղավորվել մեկ հիվանդի հետ»,-շարունակում է նա:
Բժշկի կարծիքով մեկ այլ կարեւոր խոչընդոտ էր այն, որ չկար բավարար քանակության արյուն: Արյան որոշակի տեսակներ դժվար էր ձեռք բերել. «Չէինք ստանում մեզ անհրաժեշտ արյան քանակությունը: Երբեմն դրա պատճառով հիվանդի վիճակը վատանում էր»:
Բժիշկը հավաստում է, որ Սփյուռքի օգնությունը հսկայական էր: Ստացել է մեծ քանակության դեղորայք եւ բժշկական պարագաներ այնպիսի մարդկանցից, որոնց չէր էլ ճանաչում: Խնդիրը դրա կազմակերպումն ու տեղավորումն էր: «Լսում էինք, որ դեղամիջոցներ ենք ստացել, բայց երբ ուզում էինք օգտագործել, պարզվում էր՝ դրանք դեռ միջանցքում՝ տուփերի մեջ էին կամ ինչ-որ մեկի սենյակում»:
Բժշկին հիասթափեցրել է Հայաստանի հեռավոր մարզերում բուժքույրերի պատրաստվածության որակը։ «Մենք աշխատել ենք Երեւանից լավ պատրաստված բուժքույրերի հետ: Բայց, ցավոք, հեռավոր շրջանների բուժքույրերի մեծ մասը դեռ «անալգին-դիմեդրոլի դարաշրջանում է։ Դեղեր, որոնք հիմնականում օգտագործվում էին Խորհրդային Միությունում։ Երբ բուժքրոջը խնդրում էի ինձ համար սրտի խթանիչ պատրաստել, հարցնում էր դեղաքանակի մասին, բայց նա դա պետք է իմանար: Ժամանակի կորուստ էր, հատկապես պատերազմի ընթացքում»:
Բժիշկն ասում է, որ վերապատրաստման բոլոր ջանքերը կենտրոնացված են մայրաքաղաքում: Նա իր այս բոլոր մտահոգությունները փոխանցել է Հայաստանի առողջապահության նախարարին: Վերջինս բացատրել է, որ ոչ մի շրջանավարտ չի ցանկանում աշխատել Երեւանից դուրս, եւ մարզերի բնակչությունը տուժում է դրանից: Բայց բժիշկ Հովհաննիսյանը կարծում է, որ հնարավոր է դա ուղղել խթանման պատշաճ միջոցներ ձեռնարկելով:
Բժիշկ Հովհաննիսյանի թիմը ընդհանուր առմամբ բուժել է հարյուրավոր հիվանդների, որոնցից միայն մի քանիսն էին հրազենային վնասվածքներով: Բախվել են բազմաթիվ «անմարդկային» վնասվածքների: Բժիշկը ծանր լռությունից հետո հիշում է Հայաստանում իր աշխատանքի առաջին դժվարին օրերը. «22 տարվա ընթացքում երբեք չեմ ասել «չգիտեմ», երբ խոսքը վերաբերել է հիվանդին բուժելուն: Բայց Գորիսում, երբ առաջին վիրավորներին բերեցին, չգիտեի ինչից սկսել եւ ինչով ավարտել: Ինձանից մի քանի ժամ պահանջվեց հասկանալու համար ինչ անել: Դա էր այս պատերազմի սարսափելի կողմը»:
Բժիշկ Հովհաննիսյանը ստիպված էր աշխատել մարտադաշտին շատ մոտ՝ շարժական հիվանդանոցներում: Դրանք անցյալ դարից ժառանգված հսկայական վրաններ էին՝ մետաղական վիրահատական սեղաններով եւ թթվածնի հսկայական բալոններով, որոնց ռետինե խողովակները հատակի վրա էին։ Դրանք ամեն րոպե «կարող էին պայթել անօդաչու սարքի հարվածից»:
Երեք գոտի էին առանձնացրել շարժական հիվանդանոցներում. հիվանդներին տեղավորում էին ըստ վնասվածքների։ Իսկ նահանջելիս վրանները տեղափոխում էին:
Թեեւ հարյուրավոր վիրավորների է բուժել, բայց իր ամենամեծ ձեռքբերումը բժիշկ Հովհաննիսյանը համարում է 27 զինվորի կյանքը փրկելը. նրանք ապրելու շանս գրեթե չունեին: «Եթե միայն այս 27 երեխաների համար Հայաստան վերադառնալու անհրաժեշտություն լիներ, ես նորից կգնայի: Նրանք ապրելու են: Ա՛յ, այս պատճառով եմ ես հպարտանում իմ թիմի կատարած աշխատանքով»,- դողացող ձայնով ասում է Հովհաննիսյանը:
Ամիսներ անց՝ իր կյանքը հիմնովին փոխած այս փորձությունից հետո, բժիշկը շարունակում է իր գործունեությունը նոր ուղղությամբ: Նա գրանցվել է դասընթացների՝ ռազմական բժշկության ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Հավաստիացնում է, որ նույնը պետք է անի Հայաստանում առողջապահության ոլորտի յուրաքանչյուր մասնագետ:
Նա հիմա ավելի է գնահատում իր աշխատանքը եւ նոր իմաստ է տեսնում. «Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Այն պետք է օգնի, որ մեր ծնողներն ավելի երկար ապրեն, մեր երեխաները լինեն առողջ, մեր կանայք եւ քույրերը՝ ավելի գեղեցիկ, մեր կանայք ավելի շատ ծննդաբերեն: 44-օրյա այս փորձությունից հետո ես սկսեցի ավելի սիրել բժշկությունը: Դարձա ավելի լավ որդի, ավելի լավ ամուսին: Ես շատ եմ ուզում տղա ունենալ։ Այն երեխաները լավագույններն էին. նրանք մեզ նման չէին, մեր սերնդից ավելի լավն էին, աներեւակայելի քաջ էին»,- ասում է բժիշկը՝ նկատի ունենալով Հայաստանում եւ Արցախում իր հանդիպած բոլոր զինվորներին:
Ավելի քան 200 բժիշկների եւ բուժքույրերի հետ Հովհաննիսյանը ստեղծել է վիրտուալ խումբ, պարբերաբար հանդիպում են`քննարկելու հայրենիքին սատարելու հնարավոր ուղիները: Խումբը անվանել են «Ընդմիշտ Գորիս», քանի որ հանդիպել են Գորիսի հիվանդանոցում:
«Բոլորիս համար մի բան պարզ էր. այսուհետեւ ոչ մեկս չենք այցելի Հայաստան որպես զբոսաշրջիկ: Մենք հիմա ուզում ենք այնտեղ գնալ միայն աշխատելու, մեր փորձը եւ գիտելիքները փոխանցելու մեր գործընկերներին»,- ասում է բժիշկ Հովհաննիսյանը: Հայաստանի բժիշկներին էլ խոստացել է, որ ամեն անգամ, երբ նրանք գան Միացյալ Նահանգներ, ամեն ինչ կանի, որ այնտեղի հիվանդանոցներում կամ կլինիկաներում նրանք կարողանան անհրաժեշտ փորձ ձեռք բերել:
The Armenian Mirror-Spectator
Փետրվարի 4, 2021
Անգլերենից թարգմանեց Կարինե Դավոյանը