Ամերիկյան CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Կոնգրեսին ուղղված զեկույցի համաձայն՝ 16 տարվա ընթացքում աֆղանական կառավարությանը հանձնած սպառազինության մոտ 1/3-ը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մնացել է այդ երկրում:
Ըստ Պենտագոնի զեկույցի՝ 2005-ից մինչեւ 2021-ի ամառ ԱՄՆ-ն Աֆղանստանին է հանձնել 18,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողության սպառազինություն:
2021-ի օգոստոսի 30-ին ԱՄՆ զինված ուժերը հեռանալիս այդ գումարից 7,12 միլիարդ դոլար արժողության սպառազինությունը, դրանց թվում՝ ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, մարտական մեքենաներ, «օդ-երկիր» դասի հրթիռներ, զինամթերք, ռազմական փոխադրամիջոցներ, հրազեն, կապի հատուկ միջոցներ եւ այլն, թողել են Աֆղանստանում:
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցի՝ Պենտագոնը չի ծրագրում վերադառնալ Աֆղանստան՝ այնտեղ թողած սպառազինությունը ԱՄՆ տեղափոխելու կամ ոչնչացնելու համար:
CNN հեռուստաալիքը հաղորդել է նաեւ, որ, ըստ զեկույցի, Աֆղանստանում թողած Մի-17 հինգ ուղղաթիռները թեեւ պաշտոնապես Ուկրաինային են հանձնվել 2022-ին, սակայն Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից դեռ շատ առաջ տեխնիկական սպասարկման համար արդեն իսկ Ուկրաինայում էին: