ԱՐէ մշակութային հիմնադրամը գործարկել է նոր https://arefoundation.com/en/anthology-performance-art) կայք` «Հայկական կատարողական արվեստի անթոլոգիա» խորագրով։ Շնորհանդեսը կայացավ «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Արէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում։ Հանդիպումը նվիրված էր լուսահոգի նկարիչ Համլետ Հովսեփյանի հիշատակին։
Կայքը ստեղծելու համար «ՀայԱրտ-ի տնօրեն, Արէ հիմնադրամի նախագահ Մարինե Կարոյանից ամիսներ է պահանջվել։ Նախագիծն իրականացվել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության դրամաշնորհով։ Կայքն ունի չորս բաժին. «Festival»` «Փառատոն» բաժինը ներկայացնում է ամենամյա «Արէ» փառատոնի գործունեությունը, միջոցառումները։
«Art-thinking»՝ «Արվեստ-մտածողություն» բաժնում կարելի է ծանոթանալ Մարինե Կարոյանի «Ոչ պետական ինստիտուցիոնալ միտումները անկախ Հայաստանում» գրքին, ավելի ճիշտ՝ նույն թեմայով տեսանյութին, որ պատմում է անկախության շրջանում բացված ոչ պետական թանգարանների գործունեության մասին։
Կա նաեւ «Music»՝ «Երաժշտություն» բաժինը, որտեղ ներկայացվում են երաժշտական հետազոտական ծրագրեր։
«Etcetera»՝ «Եվ այլն» բաժնում հավաքված են արվեստագետներ Գրիգոր Խաչատրյանի, Սեւի, Աշոտ Աշոտի, Մհեր Ազատյանի, Արման Գրիգորյանի, Սոնա Աբգարյանի, Կարինե Մացակյանի եւ այլոց իրականացրած պերֆորմանսները, հեփենինգները եւ պերֆորմատիվ ակտերը:
Այստեղ կարելի է գտնել նաեւ հետազոտական նյութ, հոդվածներ հայկական կատարողական արվեստի զարգացումների, պրակտիկաների, ազդեցությունների, ինչպես նաեւ ոլորտի նախապատմության մասին։
Փոդքասթերի բաժինը ծառայում է որպես կենդանի արխիվ, ապրած փորձառությունների ագրեգատոր, որը բացահայտվում է կատարողների եւ արվեստի պատմաբանների հետ մի շարք զրույցների միջոցով:
«Սա շարունակական գործընթաց է, եւ ԱՐԷ մշակութային հիմնադրամը շարունակելու է արխիվացնել հայ արվեստագետների երբեւէ իրականացրած պերֆորմատիվ ակտերը: Կատարողական արվեստին առնչվող դեռեւս շատ նյութեր կան, մի մասը դեռեւս տեղ չեն գտել կայքում»,- ասաց Մարինե Կարոյանը եւ ներկա արվեստագետներին հորդորեց եւս մեկ անգամ վերանայել անձնական արխիվային նյութերն ու տրամադրել հիմնադրամին։ Կայքը նաեւ կարեւոր ուսումնասիրության բազա կարող է լինել հայկական պերֆորմանսի պատմությամբ հետաքրքվողների համար։ Այն դեռեւս գործում է միայն անգլերեն։
«Խնդիրն այն է, որ Հայաստանում երբեւէ չի արխիվացվել հայ ժամանակակից կատարողական արվեստը, այդ առումով աղքատ վիճակ է, եղածն էլ պահպանվում է միայն արվեստագետների անձնական արխիվներում՝ երբեմն ժամանակի փոշու մեջ կորած: Այս առումով կարեւոր գործ է անում Մարինե Կարոյանը, հայ ժամանակակից արվեստը փաստագրվում է՝ մեծ արժեք ներկայացնելով»,- ասում է «ՀայԱրտի» նախկին տնօրեն Նորայր Այվազյանը։ Նա էլ ժամանակին տարբեր պերֆորմանսներ էր անում, դրանցից մի քանիսն ընդգրկված են նոր կայքում։
«Երբ ասելիք կա, ասելիքի մեջ կարող են հումոր, դժգոհություն, բողոք, ծաղր լինել, իսկ պերֆորմանսն արագ ու դիպուկ արտահայտվելու էմոցիոնալ, նպատակակետին կրակելու միջոց է։ Հետաքրքիրն այն է, որ մենք ժամանակին չգիտեինք, որ պերֆորմանս ենք ներկայացնում, պարզապես կուտակվածը դուրս էինք հանում։ Ունեմ շարք, կոչվում է «Ո՛չ մահարձաններին»։ Պերֆորմանսն ուղղված է մեր քաղաքում տեղադրված քանդակների դեմ, որոնք ավելի շատ մահարձաններ՝ քարացած մահվան վկայականներ են հիշեցնում։ Պերֆորմանսով ուզում էի ասել, որ պետք չէ քո քանդակը ստանալու համար վստահել ուրիշին, փոխարենն ինքդ կարող ես դա անել․ նստում ես՝ ուր պատահի, ձեռքիդ տակ ունենում ես տեսագրող սարք եւ սավան ու բացում ես քո արձանը՝ տեղում հավերժացնելով ինքդ քեզ։ Ուրիշ ո՞նց ասեի, որ այս գարշելի արձանները մի՛ շարեք քաղաքում: Ստիպված այլ կերպ ես ասելիքդ տեղ հասցնում»։
Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը կարեւորեց կայքի ստեղծումը, ըստ նրա՝ կարեւոր է համակարգել ունեցածը, դրանով հնարավորություն է տրվում բացահայտելու, բացատրելու մեր արվեստի այլ ոլորտները։ Նրա գնահատմամբ՝ եթե չլիներ պերֆորմանսը, չէր լինի նաեւ ժամանակակից արվեստ։ Պերֆորմանսը դեռեւս իր նախնական, արգանդային փուլում՝ սովետմիության տարիներին, ուներ մարգինալ նշանակություն: Անմիջապես 90-ականներին պերֆորմանսը հայ արվեստագետների համար դառնում է միակ ձեւը ոչ միայն գոյատեւելու, այլեւ հաստատվելու, նոր քաղաքական, հասարակական, կոմունիկացիոն պայմանների մեջ ինքնադրսեւորվելու, միաժամանակ ճկուն ձեւեր գտնելու առաջարկի եւ պահանջարկի ձեւավորվող դաշտում։
«Պերֆորմանսը միշտ ունեցել է շատ խիստ քաղաքական ուղերձ։ Սովետմիության փլուզման արդյունքում արվեստագետը հայտնվել էր ազատ Հայաստանում, ազատական գաղափարներով, ազատ շուկայում: Արվեստագետի համար բացվել են դռներ, հնարավորություններ ինքնարտահայտվելու, եւ դա եղել է պերֆորմատիվ պրակտիկաների միջոցով։ Մի կողմից՝ սուբյեկտիվությունը դրսեւորելու ուժեղ հնարավորություն էր պերֆորմանսը, մյուս կողմից, մեծ արագությամբ տեղից տեղ տեղափոխվելով, քաղաքական ուղերձներ հղելու»,- ասում է Նազարեթ Կարոյանը,- եթե կարճ՝ ապա պերֆորմանս արվեստագետը, պերֆորմանս արվեստը անկախության տարիներին դարձել էր որեւէ քաղաքական համակարգի դեմ կանգնելու, դիմագրավելու լավ միջոց»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։