Ըստ բրիտանական Reuters գործակալության հաղորդագրության՝ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը միաձայն ընդունել է բանաձեւ, որով Ռուսաստանի հատուկ գործողություններն Ուկրաինայում որակել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»:
«Ռուսաստանն Ուկրաինայում զանգվածային վայրագություններ է կատարել, գրանցվել են խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր»,- մասնավորապես ասված է Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի բանաձեւում:
Ըստ կանադացի պատգամավոր, բանաձեւի նախագծի հեղինակ Հիթեր Մաքֆերսոնի՝ բանաձեւի ընդունումն սոսկ առաջին քայլն է: Մաքֆերսոնը հորդորել է սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ միեւնույն ժամանակ բազմապատկել Կիեւին տրամադրովող մարդասիրական օգնության ծավալը:
«Անհրաժեշտ է ֆինասավորել Միջազգային քրեական դատարանի աշխատանքը եւ ապահովել, որ դատարանն ունենա ռեսուրսներ ու գործիքներ, որոնք անհրաժեշտ են այս ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրագործողներին պատասխանատվության կանչելու համար»,- հայտարարել է կանադացի օրենսդիրը:
Ավելի վաղ՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում «ցեղասպանություն» էր որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումը թողնելով իրավաբանների հայեցողությանը: Ապրիլի 14-ին ՌԴ զինուժի գործողությունները «ցեղասպանություն» ճանաչելու մասին որոշում է ընդունել Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, իսկ ապրիլի 21-ին՝ նաեւ Էստոնիան եւ Լատվիան: