2021 թվականի հոկտեմբերից Շիրակի մարզում մեկնարկել է «Դարձրո՛ւ աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավը: Նախաձեռնության նպատակն է նպաստել բռնությունների, հետապնդումների (մոբինգ) կանխարգելմանը՝ թիրախավորված անձանց տրամադրելով համապատասխան պաշտպանության մեխանիզմներ:
Ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչել «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի շրջանակում:
Կազմակերպիչներն անցկացրել են հետազոտություններ, ուսումնասիրել Հայաստանում գործող իրավական ակտերը, ինչպես նաեւ բացահայտել են աշխատավայրերում բռնությունների, այդ թվում` մոբինգի, հետապնդումների տեսակները, պատճառները եւ մատնանշել կանխարգելման մեխանիզմները:
«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ-ի նախագահ, «Դարձրո՛ւ աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավի ղեկավար Քրիստինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ ստեղծել են թեժ գիծ, որի միջոցով հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկված անձանց տրամադրվել է հոգեբանական անվճար խորհրդատվություն: Վեց ամիսների ընթացքում իրազեկման այցեր են իրականացրել մարզի պետական եւ մասնավոր կառույցներ, կազմակերպել մոբինգի կանխարգելման դասընթացներ. մասնակցել են շուրջ 300 աշխատող եւ 30 գործատու:
Հետազոտական աշխատանքներում ուսումնասիրվել են շուրջ 4 տասնյակ մասնավոր, համայնքային եւ պետական կազմակերպությունների աշխատող-գործատու իրավահարաբերությունները: Հետազոտության փորձագետ Անի Մկրտչյանը հետաքրքիր բացահայտումներ է արել:
Մատնանշում է ամենամեծ բացթողումը. Հայաստանում չկա որեւէ մարմին, որն աշխատավայրերում բռնության դեպքերի հաշվառում կիրականացնի: Չկա հսկողություն բռնության դեպքերի վերաբերյալ, հետեւաբար մարդն անպաշտպան է։ Ըստ հարցումների՝ փորձագետն արձանագրել է, որ գործատու-աշխատող հարաբերություններում հոգեբանական բռնության ականատես եղել է հարցվողների 38 տոկոսը, 46 տոկոսն ականատես է եղել ամբողջական բռնությունների՝ հոգեբանական, ֆիզիկական, նաեւ սեռական:
«Հարցվածները հիմնականում չեն ցանկանում մանրամասնել բռնության պատմությունները, սահմանափակվում են միայն ասելով, որ բռնության ենթարկվել են կամ ականատես են եղել»,- ասում է Անին: Ըստ նրա վերլուծության՝ մասնավոր կառույցներում աշխատողների հիմնական դժգոհությունը շատ աշխատելու եւ քիչ վարձատրվելու համար է: Նրանք մեծ մասամբ առանց աշխատանքային պայմանագրի են աշխատում: Փորձագետը նշում է ամենաակնհայտ խտրական մոտեցումներից մեկը. հիմնականում ձմռանը գործատուն ավելի տաք պայմաններում է աշխատում, քան աշխատողը:
Պետական հաստատություններում խնդիրն ավելի փակ է պահվում: Կան բազմաթիվ դեպքեր, երբ տնօրեններն իրենց իրավասությունից դուրս անհարկի խստություն են դրսեւորում եւ ստիպում աշխատողին «շնորհակալ» լինել տարբեր առիթներով: Այս առումով համեմատաբար ամենաբարվոք վիճակը համայնքապատկան կառույցներում է:
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի ղեկավար Անահիտ Երնջակյանը ծրագիրն արդիական ու հաջողված է համարում: «Առաջ ենք քաշել մի հարց, որի հետ ապրում ենք, բայց դրա մասին չենք խոսում, հետեւաբար լուծումներ էլ չկան»:
Մշտադիտարկման փորձագետ Ալլա Ունուսյանը կարծում է, որ ծրագրի շնորհիվ կարծրատիպներ են կոտրվում, եւ խոսվում է այն մասին, ինչի մասին ընդունված չէ խոսել: «Մոբինգն ունի միջազգային տարածում, միայն մեր խնդիրը չէ, այն խորքային է եւ արմատացած, ուստի պետությունը պետք է իր հերթին դրական տրամադրվի խնդրի կարգավորման գործում»,- ասում է Ալլան եւ վստահեցնում, որ հաճախ աշխատողը հստակ գիտի, որ իր իրավունքերը խախտվում են, բայց չի բարձրաձայնում, քանի որ այլընտրանք չունի: Փորձագետը կարեւորում է, որ իրենց միջամտությունը պետք է միտված լինի պահպանելու, ոչ թե դադարեցնելու աշխատանքային իրավահարաբերությունները:
Աշխատանքային խումբը, միջազգային փորձի լավագույն տարբերակների վրա հիմնվելով, կազմել է առաջարկությունների փաթեթ, որոնք շուտով կներկայացնեն գործադիր եւ օրենսդիր մարմիններին, ինչպես նաեւ շահագրգիռ կազմակերպություններին: Վստահեցնում են՝ հետեւողական են լինելու, որ աշխատակիցների պաշտպանման մեխանիզմները հստակեցվեն եւ, ամենակարեւորը, իրագործվեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։