ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 64 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը: Միեւնույն ժամանակ կոնգրեսականները հորդորել են 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարուցած հումանիտար եւ անվտանգության ճգնաժամերին դիմագրավելու համար։
Երկկուսակցական նամակում օրենսդիրները Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնի առաջնորդությամբ բարձրաձայնել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել ծանր դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ անմեղ քաղաքացիների դեմ մինչ օրս շարունակվող սադրանքների պատճառով:
Կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ Արցախին հատկացվելիք 50 միլիոն դոլարի օժանդակությունը կօգնի հայ փախստականներին տրամադրելու օգնություն, բնակարան, պարենային անվտանգություն, առողջապահություն, վերականգնում եւ ականազերծում: Ըստ ամերիկացի օրենսդիրների՝ դա անհրաժեշտ է Արցախին՝ իր համայնքները վերականգնելու, կյանքը Արցախում վերակազմակերպելու համար:
Հայաստանին 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու իրենց առաջարկի հիմնավորվածությունը օրենսդիրները բացատրել են այն հանգամանքով, որ դա կօգնի ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, ամերիկյան ներկայությունը, մեծացնելու ազդեցությունը Հայաստանում եւ տարածաշրջանում։
Ամերիկացի օրենսդիրներն իրենց նամակում նաեւ նշել են հայ ռազմագերիների ազատ արձակման, ինչպես նաեւ «907-րդ բանաձեւի» կատարումն ամբողջապես վերականգնելու կարեւորությունը:
Հիշեցնենք՝ «907-րդ բանաձեւով» արգելվում է Ադրբեջանին ամերիկյան արտաքին օժանդակության տրամադրումը: