ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բյուջեի թեմայով նիստում խոսել է Վաշինգտոնի կողմից իր դաշնակիցներին ռազմատեխնիկա վաճառելու դժվարությունների մասին: Առաջին հերթին խոսվել է Թուրքիայի ու Հնդկաստանի վերաբերյալ:
Թուրքիան եւ ԱՄՆ-ը խնդիրներ ունեն այդ հարցով, քանզի Անկարան ՌԴ-ից գնել է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչն ԱՄՆ-ը անընդունելի է համարում: Այդ գործարքի պատճառով ԱՄՆ-ը դուրս թողեց Թուրքիային ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ու Հնդկաստանին զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի դյուրացվի եւ արագացվի:
Իսկ վերջերս Կոնգրես ուղարկված պետքարտուղարության նամակում նշվել էր, որ արդիականացված F-16 կործանիչների վաճառքն Անկարային համապատասխանում է ԱՄՆ-ի անվտանգային շահերին: