Ըստ «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը.
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես եւ ուրիշ երկրները, բացահայտ հայտարարում ենք դրա մասին եւ ծառի հետեւում չենք թաքնվում: Այո՛, չենք հերքում, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ են: Սակայն միջազգային իրավունքի սկզբունքները քաղաքական գերակշռության պատճառով ոչ մի պարագայում չպետք է աղավաղվեն»,- ընդգծել է Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցության մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ենթատեքստում: Ըստ Ալիեւի՝ միջազգային հանրությունը, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանն աջակցելով հանդերձ, նույն կերպ չի վերաբերվել Ադրբեջանին:
Ապրիլի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Իլհամ Ալիեւն աջակցում է Ուկրաինային, եւ որ Ադրբեջանն «այն քիչ երկրներից է», որի չեզոք դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հանդեպ Կիեւը պատրաստ է ըմբռնելու:
«Հասկանում ենք հավասարակշռված չեզոքությունը, քանի որ նրանց մոտ կարող է պատերազմ բռնկվել: Սակայն մենք ավելիին ենք սպասում եւ երկար հասկանալ չենք կարողանա, քանի որ մեզ համար դա դժվար կլինի»,- հավելել էր Զենեսկին: