Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը Ռուսաստանի երիտասարդության շրջանում անկում է ապրում։ 2021-ի հունվարին Կրեմլի առաջնորդի վարկանիշը հասել էր ամենացածր մակարդակի. 18-24 տարեկան ռուսաստանցիների 46%-ը հավանություն չի տվել Պուտինի գործունեությանը: 2020-ի հունվարին «Լեւադա կենտրոնի» (որն, ի դեպ, ՌԴ-ում համարվում է օտարկերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպություն) հարցման արդյունքներով այդ թիվը հասել է 30%-ի:
Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 51%-ը, մինչդեռ նախորդ տարի երիտասարդների 69%-ը դրական էր գնահատում ՌԴ նախագահի գործունեությունը: 2018-ին 80%-ն էր ողջունում Պուտինի քաղաքականությունը:
Պուտինի գործունեությանը հավանություն տվողների շրջանում եւս տրամադրությունների անկում է նկատվում: 2019-ին Վլադիմիր Պուտինի աշխատանքը բարձր էր գնահատում հարցման ենթարկված երիտասարդների 68%-ը, այս տարի այդ թիվը հասել է 64%-ի:
Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինի վարկանիշը, նույն «Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքներով, հասել է 2011-2013 թվականների մակարդակին, երբ երկրում բողոքի հզոր ալիք էր բարձրացել ազատ ու արդար ընտրությունների անցկացման պահանջով:
Մեկ այլ կարեւոր ցուցանիշ. վստահությունը նախագահի նկատմամբ նույնպես աստիճանաբար նվազում է: 2020-ի հոկտեմբերին Պուտինին վստահում էր հարցման ենթարկված երիտասարդների 34%-ը, այժմ՝ ընդամենը 29%-ը: Ինչ վերաբերում է Ալեքսեյ Նավալնուն, 2019-ին ընդդիմադիր գործչին վստահում էր երիտասարդների 3%-ը, իսկ այս տարի արդեն՝ 5%-ը (նման տեմպերով առաջիկա 10-15 տարում Նավալնու հանդեպ վստահությունը կարող է հասնել 25-30 տոկոսի-խմբ.):
Ի՞նչ տարբերություն կա անհատին վստահելու եւ նրա գործունեությանը հավանություն տալու միջեւ: «Լեւադա կենտրոնի» տնօրեն Ստեպան Գոնչարովի կարծիքով՝ դրանք տարբեր ցուցիչներ են: Նախագահի գործունեությանը հավանություն տալու մակարդակը պարզելու համար հարցվողներին փակ հարց է տրվում՝ «Հավանություն տալի՞ս եք նախագահի գործունեությանը», իսկ վստահության հարցը բաց է. հարցվողներին խնդրում են թվարկել վստահության արժանի քաղաքական գործիչների անունները:
«Գործունեությանը հավանություն տալու մասին հարցնելիս նկատի ենք ունենում արդյունավետության որոշակի գնահատականը՝ որքանով է տվյալ պաշտոնյան համապատասխանում իր պաշտոնին: Իսկ վստահության մասին հարցը ստիպում է, որ հարցվողն ընտրություն կատարի իրեն դուր եկածների միջեւ»,- բացատրում է Գոնչարովը:
Արդյո՞ք հասարակությունը բեւեռացվում է
«Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքներով, ռուսաստանցիների 49%-ը համարում է, որ երկրում գործերը ճիշտ ուղով են ընթանում, իսկ 40%-ի կարծիքով հակառակը՝ Ռուսաստանը սխալ ճանապարհ է բռնել: 2018-ի կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկից ի վեր կարծիքների նման ցուցանիշը պահպանվում է:
«Կարեւոր է ըմբռնել այն հանգամանքը, որ երկար տարիներ լինելով իշխանության ղեկին, Պուտինն ինքնին բացասական զգացմունքներ է արթնացնում, հատկապես՝ երիտասարդության շրջանում: Սակայն վստահության մակարդակի առումով հրատապ օրակարգ է անհրաժեշտ»,- ընդգծում է սոցիոլոգ Գոնչարովը:
Երիտասարդությունն ու բողոքի ցույցերը
2017–ից բողոքի ցույցերի հանդեպ նկատելի փոփոխություն է գրանցվել Ռուսաստանի երիտասարդության շրջանում: Նույն տարվա մարտին, երբ Ալեքսեյ Նավալնին հրապարակեց հետաքննություն ՌԴ այդ ժամանակվա վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անշարժ գույքի վերաբերյալ, Ռուսաստանում հակակոռուպցիոն հանրահավանքների հուժկու ալիք բարձրացավ:
Այս տարվա բողոքի ցույցերն ու հանրահավաքները նույնպես տաք քննարկումների տեղիք են տվել երիտասարդության շրջանում եւ «Տիկ-տոկ» սոցիալական ցանցում: Հունվարի 23-ին, բողոքի ցույցերից առաջ, դպրոցականները համացանց էին դնում տեսանյութեր՝ ցուցադրելով՝ ինչպես են Պուտինի դիմանկարը հանում դասարանի պատից ու փոխարենը փակցնում Նավալնու դիմանկարը:
«Երկրում ընթացող գործերի վիճակի մասին բացասական եւ դրական կարծիք ունեցողների գնահատականների միջեւ տարբերությունը սկսում է էական դառնալ: Հասարկության որոշակի բեեւեռացումն այնուամենանիվ հնարավոր է»,- ասում է Գոնչարովը:
Սոցիոլոգի խոսքով՝ Պուտինին հավանություն տվողների եւ երկրում ստեղծված վիճակի գնահատականները փոխկապակցված մեծություններ են: Սակայն քիչ չեն նրանք, ովքեր Պուտինին հավանություն տալով հանդերձ՝ համարում են, որ երկիրն ընթանում է սխալ հունով: Ընդ որում, Պուտինին հավանություն չտվողներն, ամենայն հավանականությամբ, հավանություն չեն տա նաեւ երկրում ընթացող գործընթացներին:
Երիտասարդությունը Ռուսաստանում ընթացող գործընթացներին հավանություն չտվողների մեջ մեծ տոկոս է կազմում: «Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն, երիտասարդ հարցվողների 48%-ը դժգոհում է երկրի վիճակից: Այդ տարիքային խմբի համար նորությունների հիմնական աղբյուրը համացանցային կայքերն են եւ սոցցանցերը: 40-ից բարձր տարիքի հարցվածների տեղեկությունների հիմնական աղբյուրն ընկերներն են կամ հեռտուստատեսությունը: Եվ հենց այդ տարիքային խումբն էլ հավանությւոն է տալիս Պուտինի գործունեությանը:
Ի հայտ է եկել վախերից զերծ սերունդ
Երբ հանրահավաքին մասնակցելու կոչերը սկսեցին լայնորեն քննարկվել, համալսարանների եւ դպրոցների ղեկավարությունը սովորողներին սկսեց հորդորել չմասնակցել դրանց: «Տիկ-տոկ»-ում հայտնվեցին բազմաթիվ ստատուսներ՝ ինչու չարժե, որ երիտասարդները մասնակցեն հանրահավաքների: Որոշ բլոգերներ պատմում են, որ փողով նման տեսնյութեր նկարելու առաջարկներ են ստացել:
Սոցիոլոգ Ալեքսանդրա Արխիպովայի հաշվարկներով՝18-24 տարեկան հարցվածների ավելի քան 60%-ը եւ 25-35 տարեկանների 36%-ը հունվարի 23-ին առաջին անգամ էին եկել հանրահավաքի:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը