Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակն է երկարաձգել Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանին թուլացնելու համար։
«Մինչ Եվրոպան եւ միջազգային հանրությունը կոչ են անում դադարեցնելու պատերազմը, Վաշինգտոնը շարունակում է կրակի վրա յուղ լցնել եւ պատրաստ է կռվելու մինչեւ վերջին ուկրաինացին»,- նշել է դիվանագետը։
Ըստ նրա՝ եվրոպական երկրները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում իրադարձություններից եւ հասկանան, որ հակամարտության իրական կողմերը ոչ թե Մոսկվան եւ Կիեւն են, այլ Մոսկվան եւ Վաշինգտոնը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, NBC հեռուստաալիքի եթերում օրեր առաջ ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է ՌԴ-ին այն աստիճան թուլացնելու, որ Մոսկվան ի վիճակի չլինի ձեռնարկելու գործողություններ, ինչպես արեց Ուկրաինայում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը: Պուտինը հավելել է, որ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է: