Եվրամիության իրավապահ մարմինները շուրջկալ են կազմակերպել Եվրոպայում գործող վրացական հանցաշխարհի ներկայացուցիչների գործունեությունը կասեցնելու համար: Աննախադեպ մասշտաբային գործողության ընթացքում եվրոպական մի քանի երկրներում ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանից գաղթած 45 քաղաքացու:
Վրացական հանցաշխարհի ներկայացուցիչները Եվրոպայում զբաղվում են բնակարանային կողոպուտով, անօրինական առեւտրով եւ փողերի լվացմամբ: Հատուկ գործողությունում ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերել են Եվրոպայում Վրաստանի դեսպանատների «ոստիկանական կցորդները»:
Վերջիններիս միջոցով վրացական ոստիկանությունն իր եվրոպական գործընկերներին սպառիչ տեղեկություններ է տրամադրել քրեական հեղինակությունների վերաբերյալ, ինչը զգալիորեն հեշտացրել է եվրոպացի հետաքննիչների եւ ոստիկանության աշխատանքը:
Հետաքրքրական է, որ իտալացի իրավապահները վրացական հանցաշխարհի ներկայացուցիչների շուրջկալի գործողությունն անվանել են «Կանոնիերի կուրդի», որը վրացերենից թարգմանվում է «օրենքով գող»:
Տեղի ոստիկաններին նախապես «հուշաթերթիկներ» են բաժանել: Դրանցում հակիրճ նկարագրվում են «օրենքով գողերի կոդեքսի» առանձնահատիկությունները, որոնք նկատելիորեն տարբերվում են սիցիլիական մաֆիայի կամ նեապոլիտանական կամորրայի (հանցախմբերի) կաննոներից:
Եվրոպացի գործընկերների հետ վրացական հանցաշխարհի դեմ համատեղ պայքարելու Թբիլիսիի ջանքերը պայմանավորված են նաեւ նրանով, որ Վրաստանը ձգտում է պահպանել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։
Շենգենյան գոտու իրավապահ մարմինների ղեկավարները բազմիցս զգուշացրել են, որ կովկասյան այդ երկրից քրեական աշխարհի ներկայացուցիչների հոսքը մի գեղեցիկ օր կստիպի դադարեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը: