Վայոց ձորի երիտասարդները մարզը զարգացնելու, համայնքային խնդիրների լուծման մեջ սեփական ներդրումն ունենալու իրենց ճանապարհն են գտել: Մի քանի ամիս է՝ մարզի 18-30 տարեկան հարյուրավոր բնակիչներ «Սիրանույշ» ճամբարում ամենատարբեր ոլորտներից գիտելիքներ են ստանում:
Ճամբարի գաղափարն առաջացել է 2021-ի ամռանը: Արենի համայնքի երիտասարդները համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպել են առաջին ճամբար-հավաքը, որին մասնակցել են Արենիի 9 բնակավայրերում ապրող երիտասարդները: Դրական արձագանքները ոգեւորել են կազմակերպիչներին, ու նրանք որոշել են շարունակական դարձնել նախաձեռնությունը՝ ներառելով ոչ միայն Արենիի, այլեւ Վայոց ձորի մյուս բոլոր համայնքների բնակիչներին:
Ամիսներ անց հասարակական կազմակերպություն (ՀԿ) են հիմնադրել՝ այն անվանելով «Երիտասարդական համախմբում»: Սա Վայոց ձորում մասշտաբային առաջին նման նախաձեռնությունն է: Ֆինանսավորողը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն է, մասնակիցների տեղափոխման ծախսերը հոգում են համայնքապետարանները:
ՀԿ-ում համակարգողները կազմակերպում են իրենց համայնքների երիտասարդների մասնակցությունը: Նրանց մեծամասնությունը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) երիտասարդ ներկայացուցիչներն են:
«Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի նախագահ Մհեր Ասատրյանը, որը նաեւ Արենիի համայնքապետարանի աշխատակից է, «Ալիք Մեդիա»-ին պատմում է, որ ծրագրի իրականացման հիմնական նպատակը մարզաբնակ երիտասարդներին համայնքային որոշումների կայացման գործում ներգրավելն է:
Ճամբարի յուրաքանչյուր շրջափուլին մասնակցում է 400-500 երիտասարդ Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ խոշորացված համայնքներից: Շենքի պայմանները թույլ չեն տալիս, որ մի համայնքից մեկ ճամբարի ընթացքում մասնակցեն 100-ից ավելի երիտասարդներ։ Իսկ երբ եղանակը տաքանա, սահմանափակում չի լինի, կապրեն վրաններում:
Յուրաքանչյուր հավաքի ավարտին ժողովում են մասնակիցների առաջարկություններն ու դժգոհությունները եւ քննարկում հաջորդ շրջափուլի օրակարգում:
Համատեղելով կրթությունն ու ժամանցը
«Երիտասարդական համախմբումը»-ը համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների հետ: Գերատեսչությունների մարզային ներկայացուցիչները ճամբարականներին սովորեցնում են ամենատարբեր իրավիճակներում ինքնակազմակերպման ձեւեր՝ առաջին բուժօգնությունից մինչեւ տարհանում: Ճամբարի ընթացքում կարևորում են ՏԻ մարմինների աշխատանքի վերաբերյալ երիտասարդների գիտելիքի ավելացումը:
Կազմակերպության համակարգողներից Շուշան Դանիելյանը, որը նաեւ աշխատում է Եղեգիսի համայնքապետարանում, նշում է, որ ճամբարի մեկնարկից ի վեր երիտասարդների հետաքրքրվածությունը համայնքային կյանքի, որոշումների կայացման հարցերում էականորեն ավելացել է: «Դասընթացների ընթացքում սովորեցնում ենք, թե ինչ է ՏԻՄ-ը, խոշորացված համայքներում ինչ նոր մարտահրավերներ կան, համայնքապետարանների ու մարզպետարանի կայքերում ինչպես դիմումներ լրացնել, հետեւել դրանց կատարման ընթացքին, դժգոհությունները բարձրաձայնել»,- նշում է Շուշանը:
Մհերն էլ հավելում է, թե դասընթացի արդյունքները տեսանելի են նաեւ գործնականում: «Համավարակի կարանտինի ընթացքում ամբողջ մարզում միայն մեկ առցանց դիմում է ստացվել՝ Արենիի համայնքապետարանում: Մնացած չորս համայնքների բնակավայրերից որեւէ բնակիչ չի օգտվել այդ հնարավորությունից՝ առցանց գործիքներին չտիրապետելու պատճառով»:
Բացի այդ, եթե համայնքներում անցկացվող հանրային լսումներին հիմնականում մեծահասակներն էին մասնակցում, ապա այժմ երիտասարդների թիվը գերակշռում է: Ճամբարների ընթացքում մասնակիցները հանդիպում են համայնքապետների, մարզպետարանի ներկայացուցիչների հետ, որոնց անմիջապես տալիս են իրենց հուզող հարցերը: Երեկոյան խարույկի շուրջն էլ երիտասարդները համայնքային քննարկումներից զատ ազգային երգուպար են սովորում, մասնակցում տարբեր ինտելեկտուալ խաղերի:
Ճանաչելով Վայոց ձորը
ՀԿ-ի կարեւոր նպատակներից մեկն էլ մարզի պատմամշակութային արժեք ունեցող կոթողների, եկեղեցիների մասին գիտելիքների ավելացումն է: Շատ հաճախ երիտասարդները, ապրելով հինավուրց կոթողներին շատ մոտ, դրանց մասին տեղեկություններ չեն ունենում:
Այս ամիսներին ճամբարականներն արշավներ են անցկացրել դեպի Զորաց եկեղեցի, Արատես, Հերմոնավանք, Սմբատաբերդ, Ցախաց քար, Սուրբ Նշան, հաջորդ շրջափուլում նախատեսել են այցելել Հրեական գերեզմաններ ու մարզի այլ տեսարժան վայրեր: Արշավներից հետո երիտասարդները մաքրում են այդ տարածքները:
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն փոքր՝ 160000-ի սահմաններում, դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում: Երիտասարդները ներկայացնում են իրենց նախագծերն, ու հաղթողները համայնքային զարգացման, բնապահպանական տարբեր միջոցառումներ են իրականացնում իրենց բնակավայրերում:
Շուշանն ասում է, որ նախաձեռնության սկզբնական փուլում մասնակիցներ ներգրավելը հեշտ չի եղել: Շատերը չեն պատկերացրել՝ ուր եւ ինչի համար են գնում: Սակայն 1-2 հանդիպումից հետո իրենք են հետաքրքրվում՝ երբ է անցկացվելու հաջորդ ճամբարը, նաեւ սեփական առաջարկներն են ներկայացնում: Մասնակիցներից շատերն այժմ սովորում են Երեւանի տարբեր բուհերում, բայց ճամբարների անցկացման օրերին վերադառնում են Վայոց ձոր:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում սովորող Մերի Սարգսյանն այդ երիտասարդներից է: Ուսանողուհին Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրից է: Ճամբարն ազդել է Մերիի՝ մարզից հեռանալու որոշման վրա: «Երբ նոր էի ընդունվել համալսարան, որոշել էի հետագայում էլ մնալ և աշխատել Երեւանում, բայց ճամբարը եւ այս ծրագիրը շատ բան փոխեցին: Ուսումս ավարտելուց հետո որոշել եմ վերադառնալ համայնք եւ ավելի ակտիվորեն ներգրավվել աշխատանքներում»:
ՀԿ-ն նախատեսում է հետագայում լայնացնել իրականացվող ծրագրերի շրջանակն ու համագործակցել նաեւ մյուս մարզերի երիտասարդների հետ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: