Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեեւ իսրայելական օրենսդիրներն ու ակտիվիստները տասնամյակներ շարունակ ձգտել են, որ հրեական պետությունը ճանաչի հայերի զանգվածային սպանությունները:
Թվում էր, թե Իսրայելը, որը որպես պետություն մասամբ կառուցել են Հոլոքոստ վերապրածները, պետք է ոգեկոչեր Հայոց ցեղասպանությունը:
Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ոճրագործները հիմնականում խուսափել են արդարադատությունից, իսկ Ադոլֆ Հիտլերն էլ համոզված էր, որ իր բոլոր հանցագործություններն անպատիժ են մնալու, քանի որ հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը մոռացության էր մատնվել:
Հրեաներն են առաջինը փաստել հայերի կոտորածների մասին
Վերլուծաբանները նշում են, որ ֆաշիզմի եւ նացիզմի քաղաքականության հիմքում դրված են եղել հենց այն ռասիստական մոտեցումները եւ ազգայնական գաղափարախուսությունը, որով առաջնորդվում էին Թուրքիայի ծայրահեղականները Օսմանյան կայսրությունում՝ թիրախավորելով հայ ազգային փոքրամասնությանը:
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն բազմիցս բարձրաձայնել էր Օսմանյան Թուրքիայի ղեկավարության նախաձեռնած հայերի, հույների եւ այլ փոքրամասնությունների հետապնդումների մասին:
Սա նշանակում է, որ հրեաներն են առաջինը փաստել հայերի կոտորածների մասին: Սակայն 100 տարի անց Իսրայելում ոմանք դեռ չեն կարողանում պաշտոնապես ճանաչել այն:
Կան մի շարք պատճառներ, թե ինչու Իսրայելում ցեղասպանությունը պաշտոնապես չի ոգեկոչվում: Նախ, շատ երկրներ միայն վերջերս սկսեցին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը՝ հռչակագրերով եւ հիշատակման պաշտոնական օրով: Օրինակ՝ Սպիտակ տունը երկար տարիներ, Վաշինգտոնում թուրքամետ ակտիվ լոբբիի ճնշման տակ, հրաժարվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: Թուրքիայի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ լոբբիստներ, գիտնականներ եւ լրատվամիջոցներ մշտապես փորձել են կանխել ճանաչումը: Բայդենն առաջինն էր, որ վերջապես ճանաչեց այն անցյալ տարի՝ ընդդիմանալով Անկարայի բռնարարքներին ու սպառնալիքներին:
Այսօր մոտ 33 երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչող երկրների մեծ մասը Եվրոպայում եւ Ամերիկյան մայրցամաքում են:
Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ սերտ հարաբերությունների պատճառով հայ ակտիվիստներն ընդհանուր առմամբ ավելի շատ պաղեստինամետ են
Իսրայելի համար ցեղասպանությունը չճանաչելու նախնական պատճառ կարող են լինել Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ սերտ հարաբերությունները: Այս հարաբերությունների պատճառով է նաեւ, որ հայ ակտիվիստներն ընդհանուր առմամբ ավելի շատ պաղեստինամետ են:
Արժի նշել, որ Իսրայելը միաժամանակ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Ադրբեջանամետ գրողները հաճախ փորձել են Հայաստանը պատկերել որպես ադրբեջանցիների դեմ վայրագություններ կատարողի՝ ստեղծելով ցեղասպանության մեղադրանքների բազմակի շերտեր:
Վերջին երկու տասնամյակում Թուրքիան աջ ծայրահեղական կուսակցության ղեկավարության ներքո դարձել է ակնհայտ հակաիսրայելական երկրներից մեկը: 2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նստաշրջանում Իսրայելը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ: Վարչապետ Բենջամին Նեթանյահուն դատապարտել էր Էրդողանի ատելության խոսքը՝ Թուրքիային մեղադրելով «սիրիացիների ու քրդերի կոտորածների» համար:
Անկարայի հակաիսրայելական հռետորաբանությունը իսրայելցի որոշ օրենսդիրների ստիպեց մտածել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:
Իսրայելին կարելի է վիրավորե՞լ, իսկ Թուրքիային՝ չի՞ կարելի
Իսրայելում ձախակողմյան թեւը ցեղասպանությունը ճանաչելու հարց բարձրացրեց: Նրանց թվում էր Meretz կուսակցության կողմից Քնեսեթի պատգամավոր Թամար Զանդբերգը, որը 2018-ին օրինագիծ ներկայացրեց: Նախկինում Յաիր Լապիդը եւ Գիդեոն Սաարը նույնպես աջակցել են ցեղասպանության ճանաչման գաղափարին: 2020-ին Լապիդը նույնիսկ ցեղասպանությունը ճանաչելու թվիթերյան գրառում կատարեց: Անցյալ տարի Քնեսեթի որոշ պատգամավորներ, նաեւ Shas եւ Likud կուսակցություններից, ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրին:
Այնուամենայնիվ, Իսրայելում ցեղասպանության ճանաչումը միշտ էլ քաղաքական հարց է եղել:
Երբ Likud-ն իշխանություն էր, Քնեսեթի կողմից ճանաչումը կանխելու ուղիներ էր փնտրում, եւ այժմ նույնն է անում ներկա կառավարությունը: Դա, ամենայն հավանականությամբ, Թուրքիային «չվիրավորելու» կամ «չսադրելու» ցանկությունից է բխում: Ըստ երեւույթին, Իսրայելին կարելի է վիրավորել՝ նրան համեմատելով նացիստների հետ, որոնք հրեաներին խեղդում էին գազի խցիկներում, բայց Թուրքիային երբեք չի կարելի վիրավորել:
Այս տրամաբանությամբ էին առաջնորդվում նաեւ ԱՄՆ նախագահները՝ մի ամբողջ դար վախենալով արտաբերել «ցեղասպանություն» բառը:
Թուրքիային բարկացնելու վախը գերադասում են հայերի զանգվածային սպանության ճանաչմանը
Թուրքիայում կամ թուրքական սփյուռքում կան համարձակ մարդիկ, որոնք ցանկանում են ճանաչել 1915-ի կոտորածներն ու հայերի տեղահանությունը, բայց Անկարայի ներկա ռեժիմը թույլ չի տա այդ հարցի որեւէ քննարկում:
Ցեղասպանության ճանաչման հարցում հրեաներն ավելի հաջողակ էին, քան հայերը, քանի որ Գերմանիայում՝ հրեաների հետապնդման վայրերում, ոգեկոչեցին «Շոայի» զոհերի հիշատակը:
Իսրայելում քաղաքականությունն ու Թուրքիային բարկացնելու վախը շարունակում են գերադասվել 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանության ճանաչմանը: Սա պատմության տարօրինակ ոլորաններից մեկն է, երբ Իսրայելը, որը հիմնվել էր որպես հրեաների ապաստան, եւ որտեղ շատ մարդիկ ասում են «այլեւս երբեք», այդպես դիմադրում է Հոլոքոստի նախագուշակ ցեղասպանությունը ճանաչելուն:
Հակամարտությունն Ուկրաինայում եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող են քաղաքացիական անձանց կոտորածներն անպատիժ մնալ, թե ինչպես կարող են արտաքին քաղաքականության խնդիրներն ավելի կարեւորվել, քան մարդու իրավունքներն ու պատմական փաստերը:
The Jerusalem Post, Սեթ Ջ. Ֆրանցման
Պատրաստեց Կարինե Դավոյանը