The Washington Post-ի հեղինակներ Էնթոնի Ֆայոլան, Մայքլ Բըրնբաումն ու Մարի Իլյուշինան փորձել են ուկրաինացի ականատեսների աչքերով ամբողջացնել ռուս-ուկրաինական հակամարտության շրջադարձային ռազմավարական նշանակություն ունեցող մարտերից մեկի՝ Մարիուպոլի պաշտպանության եւ անկման պատկերը՝ համեմված մարդկային ճակատագրերի պատառիկներով եւ «հատուկ գործողության» դառը հետեւանքների էպիզոդիկ նկարագրումներով:
2014-ի հունիսյան մի առավոտ ուկրաինական ուժերը, օրհներգը հնչեցնելով, վերականգնեցին իրենց դրոշը Մարիուպոլի քաղաքապետարանի վրա: Շաբաթներ շարունակ նրանք ռուսամետ անջատողականների հետ ներգրավված էին մեծ ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստ քաղաքը վերահսկելու պայքարում: Ազովի ծովում գտնվող արդյունաբերական կենտրոնի՝ Մարիուպոլի կորուստը կնշանակեր կորցնել վերահսկողությունը Արեւելյան եւ Հարավային Ուկրաինայի շրջանների նկատմամբ:
Այժմ՝ գրեթե մեկ տասնամյակ անց, Մարիուպոլը փաստացի անցավ ռուսական ուժերի հսկողության տակ: Կիեւը գրավելու անկարողությունից եւ Ուկրաինայի ղեկավարությանը տապալելու ձախողված փորձից հետո Ռուսաստանի համար ավերված քաղաքի նկատմամբ վերահսկողությունը համարվում է նշանակալի հաղթանակ:
Պայքարն ավարտված չէ: Քաղաքացիական անձինք եւ ուկրաինացի զինվորները, նրանց թվում՝ Ազովի գնդի մարտիկները՝ այն նույն ազգայնական ստորաբաժանումը, որն օգնեց 2014-ին քաղաքը վերադարձնելուն, մնացել են Ազովստալի տարածքներում: Խորհրդային դարաշրջանի գործարանի լաբիրինթոս հիշեցնող սրահներում եւ ստորգետնյա թունելներում էր միայն հնարավոր պաշտպանվել:
Մարիուպոլի գրավմամբ կարող է վերափոխվել Եվրոպայի քարտեզը
Մարիուպոլի ճակատամարտն անախրոնիստական պաշարում էր` գիշերային երկնքում ռուսական հրթիռների կրակահերթեր, որոնք բազմաբնակարանային շենքերը, թանգարաններն ու հիվանդանոցները վերածում էին մոխրացած կմախքների: Բնակիչները զոհվում էին հենց տներում կամ ապաստարաններում: Ռմբակոծության տակ հայտնվեց նաեւ թատրոնի շենքը, որի գլխավոր մուտքին պաստառ էր ամրացված՝ «երեխաներ» գրառումով:
Մարիուպոլի գրավումը Մոսկվային մի քայլ առաջ բերեց դեպի իր նպատակը՝ Ղրիմի թերակղզին կամրջելով Ուկրաինայի արեւելյան շրջաններին, որոնք Կրեմլի վերահսկողության տակ են: Սրա հետեւանքով կարող է վերափոխվել Եվրոպայի քարտեզը՝ հարյուրավոր քառակուսի մղոններով ընդլայնելով Ռուսաստանի սահմանները:
Սրա համար ռուսներն իրականացրին պատերազմական հանցագործություններ, սովամահության մատնեցին բնակչությանը, ռմբակոծեցին քաղաքացիական անձանց: Մոտ 20 հազար մարդ է զոհվել Մարիուպոլում, իսկ արբանյակային պատկերները ցույց են տալիս զանգվածային գերեզմաններ քաղաքից 12 մղոն դեպի արեւմուտք: Քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն այն անվանեց «Նոր Բաբիյ Յար»՝ հղում անելով Կիեւի մատույցներում գտնվող զանգվածային գերեզմաններին, որտեղ նացիստները կոտորել էին ավելի քան 33 հազար հրեայի:
«Նրանց զինվորները պարզապես եկել էին թալանելու եւ սպանելու մեզ»
«Ռուսաստանը պետք է ստանա ամենադաժան պատիժը իր արածների համար,- ասում է ընտանիքի հետ արեւմտյան Ուկրաինա փախած 45-ամյա Դմիտրի Չերեպանովը տելեգրամյան հարցազրույցում:- Նրանց զինվորները պարզապես եկել էին թալանելու եւ սպանելու մեզ»:
Ուկրաինացի օրենսդիր եւ գործարար Սերգեյ Տարուտան Կիեւից Skype-ով իր հարցազրույցում ասել էր. «Ոչ մի կերպ հնարավոր չէր կոտրել Մարիուպոլի դիմադրությունը, նրա ոգին»: Դա նշանակում էր, որ ռուսները ստիպված էին ֆիզիկապես վերացնել քաղաքը:
Փետրվարի 23-ը Բոյչենկոյի խաղաղության ժամանակվա քաղաքապետ լինելու վերջին օրն էր: «Ռուսները մեզ շրջափակման մեջ են պահում, ինչպես Լենինգրադում էր,- գրել էր Մարիուպոլի քաղաքային խորհուրդը պատերազմը սկսվելուց մեկ շաբաթ անց,- Պուտինի զորքերի հորդան անընդհատ հրետակոծում է քաղաքը»:
Արտեմ Կիշիկը մարտի 2-ի վաղ առավոտյան արթնացել էր Մարիուպոլի Մորսկոյ բուլվարի իր շենքի վրա ընկած հրթիռի հարվածից: «Բացեցի աչքերս ու տեսա, որ եղբայրս ու մայրս ինձ միջանցք են կանչում»,- հետագայում Ինստագրամում գրել էր 19-ամյա երիտասարդը: «Մենք հասկացանք, որ պետք է հեռանալ, բայց արդեն ուշ էր»: Նա ընտանիքի հետ դողալով ապրում էր իրենց ցուրտ բնակարանում: «Առանց լույսի ու ջրի մենք ապրում էինք արշալույսից մայրամուտ, քնում էինք երեկոյան ժամը 6-ից, արթնանում առավոտյան ժամը 4-5-ը, երբեմն պայթյունների պատճառով՝ ավելի վաղ»,- գրել է նա:
Ի վերջո կռիվն այնքան է մոտեցել նրանց, որ Կիշիկի ընտանիքը շենքի այլ բնակիչների հետ տեղափոխվել է նկուղ: Ցրտից սովն ավելի էր սաստկանում: Տարեց բնակիչները մեռնում էին, որին հետեւում էր զարհուրելի արարողությունը: «Ցուրտը կանխում էր մարմինների քայքայումը, ուստի մենք մահացածներին տանում էինք իրենց բնակարանների մոտ, որտեղ նրանք նախկինում ապրում էին»,- գրել է նա: Արտեմ Կիշիկի ընտանիքը շիլայի, մեղրի եւ պահածոյացված սննդի որոշ պաշար է ունեցել: Նրա եղբայրը զոհվեց հրետակոծություններից մեկի ժամանակ:
Քաղաքի նկատմամբ վայրագությունները բնակիչներին տրամադրել են Կրեմլի դեմ
Մարիուպոլի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նիք Օսիչենկոն ասում է, թե երբ ռուսները ռմբակոծեցին քաղաքի ջրմուղը, իր ընտանիքը ստիպված էր խմելու համար տնային ռադիատորներից քիմիական նյութերով ներծծված ջուր հանել:
Նա հիշում է, թե ինչ թեթեւացած էին զգում, երբ ձյուն էր գալիս, քանի որ բնակիչները փողոց էի վազում դույլերը ձյունով լցնելու, որ հալվի, խմեն:
Ինչպես Ուկրաինայի շատ հատվածներում, մասնավորապես հարավում եւ արեւելքում, Մարիուպոլը նույնպես հիմնականում ռուսախոս քաղաք է՝ Ռուսաստանի հետ խորքային ավանդական եւ մշակութային կապերով: Բայց քաղաքի նկատմամբ վայրագությունները բնակիչներին տրամադրել են Կրեմլի դեմ:
«Չեմ կարծում, որ Պուտինից բացի, որեւէ մեկին հաջողվեր ստիպել Մարիուպոլին այսքան սիրել Ուկրաինան»,- ասաց Օսիչենկոն:
«Սպանիր ինձ հիմա»,- բղավում էր մի վիրավոր հղի կին, երբ հասկացել էր, որ կորցնում է երեխային. Associated Press-ին ասել են ռմբակոծված ծննդատան բժիշկները: Մահացան ե՛ւ մայրը, ե՛ւ երեխան:
Ռմբակոծությունից առաջ մոտ 1300 քաղաքացիական անձինք թաքնվել էին Մարիուպոլի դրամատիկական թատրոնում: Նրանցից մոտ 300-ը զոհվել են:
Չերեպանովի Mariupol Life կայքն այժմ թվային տեղեկագրերի հարթակներից մեկն է, որտեղ ընտանիքների հուսահատ անդամները որոնում են անհայտ կորածներին:
Կայքում Տատյանա Լոմակիվսկայայի երեխան գրել էր. «Մայրիկիս եմ փնտրում… ծնվել է 1939-ին Մարիուպոլում, նիհար է, հասակը՝ 160 սմ»: Տեղադրված նկարում Լոմակիվսկայան ծաղկավոր կանաչ զգեստով է: «Մարտի 15-ին նա դեռ կենդանի էր, չիջավ նկուղ, վատ է քայլում, ամբողջ շենքն այրվել է,- գրել էր նրա դուստրը:- Խնդրում եմ, ցանկացած լուր»:
Ռուսական կողմի խոստումներին հավատացողները կյանքով վճարեցին
450 հազար բնակչությամբ քաղաքում զինված դիմադրությունը թուլանում էր, վերջին հենակետը Ազովստալ պողպատի գործարանի ներսում էր: The Post-ով տարածված տեսահոլովակը ցույց է տալիս կանանց եւ երեխաներին ստորգետնյա նկուղում:
Ըստ Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների՝ այնտեղ կարող է լինել ավելի քան 1000 քաղաքացիական անձ:
Ուկրաինական ուժերի 36-րդ ծովային առանձին բրիգադի հրամանատար Սերգեյ Վոլինան, որը նույնպես գործարանի ներսում էր, The Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ չեն հանձնվելու: Հրամանատարն ասել էր, թե անվտանգ դուրս գալու՝ ռուսական կողմի խոստումներին հավատացողները կյանքով վճարեցին, քանի որ ռուսները կրակ էին բացել դուրս եկողների վրա: «Ոչ ոք չի հավատում ռուսներին»:
Իր տեսահաղորդագրություններում Վոլինան միջազգային օգնություն է խնդրում՝ ասելով, որ իր զինվորներից 500-ը վիրավոր են, որ նրանք «մահանում են նկուղում»:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ ասել էր, որ այս ամենին վերջ տալու երկու հավանական եղանակ կա՝ դիվանագիտական լուծում կամ «լուրջ ու ծանր զենքեր»: Նա շեշտել էր, թե մինչ այժմ Ռուսաստանը չի համաձայնում բանակցային բանաձեւի հետ:
Պուտինը հայտարարել է, թե ռուսական զորքերը ձեռնպահ կմնան պողպատի գործարանը մաքրելուց՝ այդ գործողությունը «ոչ հրատապ» անվանելով: Փոխարենը նա իր մարդկանց հրամայել էր կնքել գործարանը, «որ նույնիսկ ճանճը չկարողանա անցնել»:
Պողպատի գործարանը շարունակում է ռուսական ավիահարվածների թիրախ դառնալ:
«Ուզում ենք այստեղից ողջ դուրս գալ»,- տեսախցիկի առջեւ ասում է մի փոքրիկ տղա գործարանի ներսից՝ ապաստարանից:
Պատրաստեց Կարինե Դավոյանը