Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ առավելապես ճգնաժամային իրավիճակներում ուշադրության կենտրոն են գալիս մեր տարածաշրջանում շահեր հետապնդող կենտրոնները՝ Ռուսաստանը եւ հավաքական Արեւմուտքը:
Իշխանությունները, ընդդիմությունն ու հանրությունը երբեմն հանիրավի չափազանցնում են արտաքին ուժերի ներգրավվածությունն ու ազդեցությունը ներքաղաքական ելքի վրա, նրանց վերագրում մեր ձախողումներն ու պարտությունները: Իրականում, սակայն, Հայաստանի անկախացումից ի վեր ներքաղաքական պայքարում եւ վերջնարդյունքում Ռուսաստանի կամ Արեւմուտքի դերակատարությունը չի եղել վճռորոշ:
1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններում Խորհրդային Հայաստանն արդեն բռնել էր անկախության ճանապարհը: Մոսկվայի կենտրոնական իշխանությունները ակնհայտ խոչընդոտներ չստեղծեցին Հայոց համազգային շարժում կուսակցության առաջ: Վերջինս Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ճիշտ է փոքր առավելությամբ, հաղթեց Հայկոմկուսին: Այսպես, Հայաստանում 70-ամյա մենատիրությունից հետո կոմկուսը իշխանությունից զրկվեց ԽՍՀՄ գոյության պայմաններում:
Հայաստանի առաջին ճգնաժամային եւ աղմկահարույց ընտրություններում՝ 1996-ին, Մոսկվան չբռնեց ո՛չ առաջին նախագահի եւ ո՛չ էլ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանի կողմը:
1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանը բավարարվեց նախագահ Բորիս Ելցինի չափավոր հայտարարությամբ. «Մենք շատ ուշադիր էինք հետեւում ընթացքին: Հեռախոսով ենք մի քանի անգամ զրուցել, ուղերձներ եմ հղել, միջնորդ եմ ուղարկել, որպեսզի ինչ-որ կերպ օգնեմ նրան: Ես նրան առաջարկեցի ավելի մեծ օգնություն ուղարկել, սակայն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց: Ինձ դուր էր գալիս Տեր-Պետրոսյանի հետ աշխատելը, նա հանգիստ էր աշխատում, հանգիստ լուծում խնդիրները, եւ մենք լավ էինք համագործակցում ԱՊՀ-ում: Ես ափսոսում եմ, որ նա հրաժարական տվեց: Ես իհարկե արեցի, ինչ կարող էի, ես նույնիսկ ամսի 4-ի համար նրա հետ հանդիպում էի պլանավորել, բայց նա մեկ օր շուտ հրաժարական տվեց: Այսինքն` նա հաշվարկել էր… Ափսոսում եմ… Կգան նոր ղեկավարներ, ուրիշ մարդիկ: Բայց նրանք հասկանում են, որ պետք է բարեկամություն անեն եւ գործ ունենան Ռուսաստանի հետ: Հայաստանն ուղղափառ երկիր է, մտնում է Ռուսաստանի շահերի ռազմավարական դաշտի մեջ»:
1998 թվականի նախագահական արտահերթ ընտրություններում Մոսկվան գրեթե հավասար հեռավորություն էր պահում հիմնական հավակնորդներից՝ Ռոբերտ Քոչարյանից եւ Կարեն Դեմիրճյանից: 2003-ի ընտրություններում Քոչարյանի իշխանության մնալը արդար չէ պայմանավորել Ռուսաստանի մտադրություններով: Երբ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, դրանք տեղական բնույթ ունեն: Ճիշտ է նաեւ, որ գործող նախագահները կամ նրանց հիմնական ախոյանները դեմոնստրատիվ կերպով կարող են Մոսկվայի հասցեին հաճո հայտարարություններ ուղղել կամ նախընտրական շրջանում մեկնել Ռուսաստան, տեսախցիկների առաջ զրուցել, նկարվել ցարի հետ:
2008 թվականի փետրվարի ընտրություններից անմիջապես հետո, երբ Երեւանի կենտրոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ ոտքի վրա էին եւ վիճարկում էին Սերժ Սարգսյանի ընտրության արդարությունը, Մոսկվա այցելեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2013-ի ընտրությունների թեժ օրերին Մոսկվա մեկնեց ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ճիշտ է, հայտնի չէ՝ նա կարողացավ բարձր մակարդակով որեւէ հանդիպում ունենալ, թե ոչ:
2018-ի Թավշյա հեղափոխության օրերին Մոսկվան զուսպ հետեւում էր իրադարձությունների ընթացքին եւ որեւէ էական դերակատարություն չունեցավ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու/հեռացնելու եւ ոչ էլ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու կամ համաժողովրդական շարժումը խոչընդոտելու հարցում:
Ռուսաստանը չի միջամտում նաեւ այսօր Հայաստանում ընթացող ներքաղաքական պայքարին: Վլադիմիր Պուտինը, որ դրական տրամադրություններ չունի փողոցով իշխանության եկածների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, չի աջակցում Հայաստանի նախկին իշխանություններին, թեեւ Ռոբերտ Քոչարյանը սիրում է խոսել իր եւ Պուտինի քիմիայի թեմայով:
Ռուսաստանի վերահսկողության տակ են Հայաստանի տնտեսությունը, արտաքին սահմանների մեծ մասը, Գյումրիում տեղակայված է 102-րդ ռազմակայանը: Հայաստանի բոլոր ղեկավարները հաշտվել են իրականության հետ, որ Ռուսաստանի շահերը չեն կարող անտեսվել: Նրանցից ոմանք Հայաստանը տնտեսապես ավելի մեծ կախման մեջ են դրել Մոսկվայից:
Այսօր՝ Հայաստանի անկախության չորրորդ տասնամյակի սկզբին, երկրի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ խորհրդարանական ընդդիմությունը կախյալ վիճակի մեջ են Մոսկվայից եւ ռուսամետության հարցում կասկածի տեղ չեն թողնում: Ռուսաստանը հանգիստ է՝ մենք փախչելու տեղ չունենք, որովհետեւ չենք կարողացել մեր անմիջական հարեւանների հետ խոսել ու հարաբերություններ հաստատել, մենք Կրեմլից կապված ենք շղթաներով:
Ընդդիմության փողոցային այսօրվա պայքարում հաջողությունը եւ անհաջողությունը բացառապես պետք է փնտրել ընդդիմության մեջ: Ռուսաստանը աշխատելու է ե՛ւ Փաշինյանի, ե՛ւ նրան տապալողների հետ (եթե դա հաջողվի): Հատկապես այսօր, երբ Ռուսաստանը ներքաշված է Արեւմուտքի եւ Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ, Մոսկվայի համար Հայաստանի ներքաղաքական զարգացումները մտահոգիչ չեն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։