«1954-1956 թվականն էր, երբ սկսեցի զբաղվել հողարվեստով։ Գեղանկարչական մեծ կտավ արեցի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ 36 մետրանոց շարքը նկարեցի 12 կտավի վրա։ Վերջում հասա մթության, սեւության, որ մահն է, մոխիրը, հողը, եւ վերջին կտավում օգտագործեցի հենց հողն ու մոխիրը։ 1959 թվականից սկսած՝ իմ աշխատանքների հիմնական շեշտը դարձավ հենց հողը, այլեւս գործերս պատկերային (ֆիգուրատիվ) չեղան, այլ միայն հող։ Եթե Երկրորդ համաշխարհայինի այս կտավը չնկարեի, երբեք հողի, մահվան ու կյանքի այս իմաստը չէի ընկալի»,- 1992 թվականին Աֆթաբ Նեթուորքին (ԱՄն, Նյու Յորք) տված հարցազրույցում ասում է հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։
«Ակտ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ «Արէ» կատարողական արվեստի փառատոնն այս տարի նկարչի մահվան 15-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից հերթականը ներկայացրեց՝ «Հիշելով Մարկոսին» խորագրով: Եղան բանախոսություններ, ներկաներից շատերը, որոնք երբեւէ շփվել են Մարկոս Գրիգորյանի հետ, նրա կյանքի դրվագներից վերհիշեցին։ «Ակտ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր, արվեստագետ Էդիկ Պողոսյանը խոստովանեց, որ իր ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մարկոս Գրիգորյանը։
Մարկոս Գրիգորյանի ու Սարգիս Մուրադյանի ընկերությունը
«Ծանոթացել են 1975 թվականին, երբ հայրս «սովետական արվեստի» ցուցահանդես էր տարել Իրան։ Իրանում հեղափոխություն սկսվեց, մի պահ նրանց կապը խզվեց, հայրս ԱՄՆ մեկնեց եւ իմացավ, որ Մարկոսը տեղափոխվել է եւ կարողացել է իր ողջ հավաքածուն տեղափոխել ԱՄՆ։ Վաղամեռիկ դստեր՝ Սաբրինայի մահից հետո Մարկոսը խոր ընկճախտի մեջ էր, հայրիկս համոզել էր, որ Հայաստան գա.
«Մնում ես այստեղ, ի՞նչ անես, հավաքածուն թողնում ես ամերիկացիների՞ն։ 1994 թվականին հայրս արդեն Գերագույն խորհրդի նախագահության անդամ էր, նրա առաջարկին ընդառաջ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարկոսին «ՀՀ պատվավոր քաղաքացու» կոչում շնորհեց»,- պատմեց Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարա Մուրադյանը:
Նկարչի արվեստը՝ տարբեր թանգարաններում
Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում՝ արվեստագետը կրթվել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ավարտել այն 1954-ին, ստեղծագործել Իրանում եւ ԱՄՆ-ում: Նկարչի արվեստը` գեղանկարներ ու հողանկարներ, ներկայացված են Թեհրանի, Հռոմի թանգարաններում։
Հռոմում նկարչին նկատել է Նելսոն Ռոքֆելլերը` հայտնի գերդաստանի շառավիղը, եւ հրավիրել Նյու Յորք` այնտեղ ստեղծագործելու: Մարկոս Գրիգորյանն իր հողանկարները՝ որպես ժամանակակից արվեստի նմուշներ, Պարսկաստանից տարել է Նյու Յորք: Հողանկարների շարքը մեծ ճանաչում է նրան բերել։
Անկախությունից հետո Մարկոս Գրիգորյանը տեղափոխվում է Հայաստան՝ իր հետ բերելով ավելի քան 2500 ցուցանմուշից բաղկացած եզակի հավաքածու, որը տեղ է գտնում «Միջին Արեւելքի» նորաբաց թանգարանում:
«Երբ 1991 թվականին կայացավ Մարկոսի առաջին անհատական հայաստանյան ցուցահանդեսը, կարեւոր ժամանակաշրջան էր. 80-ականների կեսերից Հայաստանում ժամանակակից արվեստի հուժկու ալիք էր ձեւավորվել։ ԱՄՆ-ից եկած հայ արվեստագետները կամուրջ էին մեր ու մեծ աշխարհի միջեւ։ Եւ ահա գալիս է արվեստագետ Մարկոս Գրիգորյանը, որի արվեստն իրապես առանցքային երեւույթ էր այդ ժամանակ։ Այդ փուլում արվեստագետների, հասարակության պատկերացումներն ամբողջովին ուղղված էին դեպի դուրս, «դուրսը» վերին աստիճանի միֆականացված էր մեզ համար»,- ասաց արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը, որը դեռեւս ԱՄՆ-ում է ծանոթացել Մարկոսի հետ:
Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ եւ սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ՝ Նամի, Քալանթարի (Իրան), Անսելմո Քիֆր (Գերմանիա), իրենց համարում են աշակերտներն ու հետեւորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի։ Մեթոդաբանական, հայեցակարգային առնչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art–ի, Նոր ալիքի, Ավանգարդի եւ այլ ուղղությունների հետ՝ Մարկոս Գրիգորյանի արվեստը ո՛չ արեւմտյան, ո՛չ արեւելյան է։
«Բավական է մեկ անգամ հանդիպեիր Մարկոսին, կտպավորեր։ Անսահման գեղեցիկ դիմագծերով տղամարդ էր,- ասում է Մատենադարանի արեւելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը՝ ներկայացնելով Մարկոսի դերակատարությունը եւ ներդրումը, որ ունեցել է Իրանի ժամանակակից արվեստում,- Մարկոսին համարում են Իրանի մոդեռն արվեստի հիմնադիրներից, եթե ոչ հիմնադիրը»։
Մարկոս Գրիգորյանը սկսել է ուսումնասիրել հայկական գորգարվեստը, երբ 1958 թվականին թեհրանցի վարպետներից գորգագործության հաստոց է նվեր ստացել:
Ավելի քան 40 տարի ուսումնասիրելով գորգերի աշխարհը՝ նա քանդել է արեւելյան դասական խավավոր գորգի սկզբունքը՝ ստեղծելով ծիսաառասպելական գորգի սեփական տիպերը: Նրա գորգերը կրում են մեր պատմական վայրերի և անձանց անուններ` «Էրեբունի», «Արամազդ», «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Գառնի», որոնք ներկայացված են խորհրդանշական պատկերների միջոցով:
Նրա հողի մեջ կյանք, էներգիա կար
Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը Մարկոս Գրիգորյանին համարում է «ինստիտուցիոնալիստ», որն ամեն ինչ ուզում էր թանգարանային կարգավորվածության հասցնել:
«Ինստիտուցիոնալ մոտեցումը, որ ուներ Մարկոսը, հակադրվում էր այն ամենին, ինչ անում էր բուն արվեստի մեջ՝ կապված իր հողարվեստի հետ։ Իսկ դրանք նոր միտումներ էին արվեստում, գալիս էին խախտելու թանգարանային պատկերացումները,- ասում է Կարոյանը:- Թվում էր՝ արածն ինչ էր, պարզ բան՝ հողը հող էր, ոչ մի գաղտնիք չկար, ծղոտը՝ ծղոտ, իր արվեստի մեջ խաբկանք չկար, միայն պարզություն: Նյութն էր ցույց տալիս, պարզ նյութը, որը խոսուն էր միաժամանակ, հողի մեջ խոսք, կյանք, արեւի լույս, էներգիա կար»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։