«Ալիք Մեդիա Վրաստան»-ը գրում է, որ Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է, որ Վրաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Նա շեշտել է, որ պատժամիջոցների հարցում Թբիլիսին հստակ դիրքորոշում ունի եւ որոշակի հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ, ներառյալ՝ առեւտուրը։ Կոբախիձեն ընդգծել է, որ նույնիսկ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան է առեւտրային հարաբերությունները պահպանում Ռուսաստանի հետ։
«Դա գազն է, որի 80%-ը Ուկրաինան վերաարտահանում է Եվրամիություն, այսինքն նույնիսկ Ուկրաինան առեւտրային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք որոշումներ ենք ընդունում՝ ելնելով իրավիճակից, եւ եւս մեկ անգամ կկրկնեմ, որ չենք միանում պատժամիջոցներին»,- ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը մարտի 16-ին եւս հայտնել էր, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, եւ որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետը եւ նախարարների կաբինետի անդամները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ եւ երկրորդ ճակատ բացել երկրի տարածքում։ Վրաստանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ չեն միանա Ռուսաստանի դեմ ուղղված միջազգային այն պատժամիջոցներին, որոնք կվնասեն վրաց ժողովրդին ու երկրի տնտեսությանը։