Ախուրյան համայնքի Կառնուտի միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ «Karnut_ձուկ_fest_2022» փառատոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի համայնքային նախագծի շրջանակում:
Նախաձեռնությունը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ԵՄ Քովիդ-19 համերաշխության ծրագրի շրջանակում։
Ուրախ երգ ու պարով, համադամ ուտեստներով համեմված փառատոնը համախմբել էր մարզի հանրակրթական մի շարք դպրոցների հանրույթներին, համայնքների բնակիչներին ու զբոսաշրջիկների՝ Հայաստանից եւ արտասահմանից:
Լայնամասշտաբ միջոցառմանն իրենց ստեղծագործություններով ու տեղական մթերքից պատրաստած ուտեստներով ներկայացան մարզի տարբեր դպրոցների, կրթամշակութային եւ սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ անհատ ստեղծագործողներ:
Նկարիչ Մամիկոն Միքայելյանն ասում է՝ հետաքրքիր ու գարունոտ միջոցառում է ստացվել: Հրավերը սիրով է ընդունել: Ամբողջ ընթացքում էլ նկարում է հյուրերին, ոմանց ինքն է ընտրում, ոմանք էլ իրենք են ցանկություն հայտնում հայտնվելու Մամիկոնի կտավին:
Որ իրենց սեղանն ամենալավը լինի, ուտեստներն էլ՝ ամենահամեղը, կառնուտցի Մոնիկա Ավետիսյանն օրեր շարունակ սեղանի ձեւավորմամբ է զբաղվել, ուսումնասիրել դիզայներական նրբությունները: Ասում է՝ բոլորինն էլ լավ էր ստացվել, կարեւորը, որ տրամադրությունն էր բարձր:
Անի Շախբազյանն էլ ուտեստներ է պատրաստել, խոհարարական նոր գիտելիքներ յուրացրել: Ուրախացել է՝ հյուրերը գոհ են մնացել: Գյուղի աշակերտները նախորդ օրը ձուկ են որսացել Կառնուտի ջրամբարից, պատրաստել ու ներկայացրել:
Կազմակերպիչներն ասում են, որ առաջնային է եղել տեղական արտադրության խթանումը, ուստի սեղանների համար բացառել են խանութներից գնումներ կատարելը: Տեղական կաթնամթերք, Կառնուտի դաշտերում աճեցված, էկոլոգիապես մաքուր բազուկի թթու, գյուղական ձեւով խորոված կարտոֆիլ, տնական յուղով գաթա են մատուցել:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչ, փառատոնի նախաձեռնող Աբրահամ Ավագյանը վստահեցնում է, որ միջոցառման շնորհիվ Կառնուտը կդառնա նոր ու հետաքրքիր բացահայտումներով լի զբոսաշրջային հասցե: «Նախադրյալներ կան, այն էլ ոչ 1-ը,- ասում է Աբրահամը:- Որոշեցինք օգտվել Կառնուտի ընձեռած թե՛ պատմամշակութային, թե՛ գաստրոնոմիական հնարավորություններից: Գյուղում ունենք ձկնորսության, լեռնագնացության հրաշալի պայմաններ: Այստեղ կա Ք.ա. 5-րդ հազարամյակի վաղ բրոնզեդարյան հնավայր։ Ունենք նաեւ եզան պաշտամունքին նվիրված 4-րդ դարի տաճար, որի հիմքի վրա 16-17-րդ դարերում կառուցվել է եկեղեցի: Այն այժմ խոնարհված է, բայց երբեմն պատարագներ ու պսակադրություններ են լինում»:
Հյուրերը մեծ հետաքրքրությամբ շրջեցին գյուղի պատմահնագիտական վայրերում, խոստացան կրկին գալ: Փառատոնի կազմակերպիչներն էլ իրենց հերթին խոստացան, որ նախաձեռնությունը կդառնա ամենամյա:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։