Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում շարունակվում են: Մայիսի 2-ի առավոտյան ՀՕՊ ուժերը Դոնեցկից հյուսիս-արեւմուտք գտնվող Սլավյանսկ քաղաքի մերձակայքում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Միգ-29 ինքնաթիռ են ոչնչացրել։
Ռուսաստանցի գեներալը նշել է, որ վերջին մեկ օրում ռուսական բանակը խոցել է ուկրաինական զորքերին պատկանող 10 անօդաչու թռչող սարք, «Տոչկա Ու» համակարգից արձակված երկու եւ «Սմերչի» մեկ հրթիռ։ Ուկրաինական ուժերի կորուստների մասին տվյալները ՌԴ ՊՆ-ն վերջին անգամ հրապարակել էր ապրիլի 13-ի իր ամփոփագրում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները մայիսի 2-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 1852 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 44 միավոր, 467 միավոր հրետանային համակարգ, 2567 միավոր զրահամեքենա, 80 միավոր ՀՕՊ համակարգ, 1070 տանկ, 8 ռազմանավ (եւ մոտորանավ), 155 ռազմական ուղղաթիռ, 196 ռազմական ինքնաթիռ, 84 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 24 հազար 100 ռուս զինվորական։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբում նշել են, որ ռուսական կողմն օրվա ընթացքում ամենամեծ կորուստները կրել է Իզյումինսկի ուղղությամբ: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբում հավելել են, որ ըստ ալգորիթիմի՝ մայիսի 2–ի առավոտյան ոչնչացված ռուսական մոտորանավակների մասին վիճակագրական տվյալները կհայտնվեն մայիսի 3-ի՝ ռուսական կողմի ընդհանուր կորուստների ամփոփագրում:
Պաշտոնական Կիեւը հայտնել է նաեւ ռազմադաշտում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու սարքերի բարեհաջող կիրառման մասին։ Մասնավորապես, Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ «Բայրաքթար»-ների հարվածների հետեւանքով Սեւ ծովի Զմեինի կղզու մերձակայքում «Raptor» տեսակի ռուսական պարեկային երկու մոտորանավակ է ոչնչացվել։