ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդելու միջուկային էներգիայի խաղաղ եւ անվտանգ օգտագործման բնագավառում կողմերի միջեւ համագործակցությունը, ընդլայնելու միջուկային էներգետիկայի հայ մասնագետների՝ ոլորտի վերջին տեխնոլոգիական նորամուծություններին ծանոթանալու հնարավորությունները:
Հուշագիրը Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ 1997-ին «Միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության եւ տեխնիկական տեղեկությունների փոխանակման վերաբերյալ» համաձայնագրի կնքմամբ սկիզբ առած, ինչպես նաեւ 2007 եւ 2017 թվականների պայմանագրերով վերահաստատված համագործակցության շարունակության ուղղությամբ հերթական քայլն է:
Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես են եկել կարճ հայտարարություններով:
«Երախտագիտություն ենք հայտնում այն տեսլականի, խիզախության եւ ճկունության համար, որ վարչապետը եւ Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով տեւական խաղաղության ուղղությամբ, ինչը բոլորիս ցանկությունն է»,- մասնավորապես ասել է Բլինքենը։
ՀՀ արտգործնախարար Միրզոյանն, իր հերթին, մեծ կարեւորություն է տվել ստորագրված փաստաթղթին եւ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանին սատարելու համար: Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում։
«Այս համատեքստում ես ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարեւոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը, ինչը հաստատել է նաեւ այս տարի։
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է շատ ամուր հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա։
Մայիսի 2-ին ավելի վաղ արտգործնախարար Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։
ՀՀ արտգործնախարարը Վաշինգտոն կատարած հնգօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ելույթով հանդես կգա հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում։