Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը մայիսի 3-ին կհանդիպեն Վիեննայում։ Դա կլինի նրանց երրորդ հանդիպումը: Թուրքական կողմը չի շտապում բացել Հայաստանի հետ 1993 թվականից ի վեր փակած սահմանը եւ ձգտում է Երեւանից նոր զիջումներ կորզելու:
Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել, քանի դեռ Երեւանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ խորհրդային սահմանները, Թուրքիան չի շտապելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ավելին, այս ընթացքում Թուրքիան ձգտում է իրականություն դարձնելու նաեւ այն երեք նախապայմանները, որ առաջ է քաշել Հայաստանի անկախությունը ճանաչելուց ի վեր:
Ռուբինյան-Քըլըչ հանդիպման նախօրեին արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի «սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել»: Պաշտոնական Երեւանը հակադարձեց՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որեւէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա»:
1991 թվականի դեկտեմբերին Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է հռչակագրով, որտեղ հղում է արվում 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրին:
Կարսի պայմանագիրը զուտ հայ-թուրքական չէ։ Այն Ռուսաստանի՝ ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ մի կողմից ստորագրել են Թուրքիան, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդային հանրապետությունները: Այս պայմանագիրը, որ Խորհրդային Հայաստանը վավերացրել է 1922-ին՝ նախքան ԽՍՀՄ-ի մաս կազմելը, վերջինն է եւ այսօր միակը, որով ճանաչվել են ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները:
1991-ից ի վեր Թուրքիան ձգտել է հասնելու նրան, որ Երեւանը վերահաստատի Կարսի պայմանագիրը, կամ Հայաստանն ու Թուրքիան կնքեն մի նոր փաստաթուղթ, որով կողմերը ճանաչեն միմյանց սահմանների անխախտելիությունը: Այսօր Անկարան հենց դա է ակնարկում, երբ հայտարարում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի «սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել»:
Ամենայն հավանականությամբ նման համաձայնություն դեռ չի կայացվել, սակայն Անկարան ձգտելու է հասնել դրան, հակառակ դեպքում շարունակելու է փակ պահել Հայաստանի հետ սահմանը եւ հրաժարվելու է Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց:
2008-2009 թվականներին Թուրքիան, ըստ էության, հասել էր դրան: Հայ-թուրքական արձանագրություններից մեկով անուղղակի ճանաչվում էր Կարսի պայմանագիրը որպես երկու պետությունների միջեւ օրինական եւ գործող փաստաթուղթ: Նախկին արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեթ Դավութօղլուի ստորագրած փաստաթղթերից մեկում ասվում է՝ «…հաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»:
Ինչպես տեսնում ենք, չկա Կարս անունը, սակայն հղում է կատարվում 1921 թվականի հենց այդ պայմանագրին: Հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում: Թուրքիան հրաժարվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը չգնաց որեւէ փոխզիջման: Սերժ Սարգսյանը իր իսկ բանակցած փաստաթուղթը ՄԱԿ-ի ամբիոնից նետեց «գրողի ծոցը»:
Թուրքիան, անկասկած, փորձելու է պարտված եւ ինքնիշխանությունը մասամբ կորցրած Հայաստանից կորզել հնարավոր առավելագույնը, այն է՝ Կարսի պայմանագրի վերահաստատում կամ Կարսի նոր պայմանագրի ստորագրում, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Երեւանի ավելի պասիվ դերակատարություն: Բայց եթե անգամ Հայաստանի գործող իշխանությունները գնան դրան, ապա Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանները եւ չի հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:
Այնպես որ, այսօր Վիեննայում կայանալիք Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից չպետք է մեծ ակնկալիք ունենալ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։