Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախօրեին նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ։
Դիվանագետը հրավիրվել է ԱԳՆ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության տրամադրած տեղեկության առիթով։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկություն է տարածել Ռուսաստանի՝ պատժամիջոցները շրջանցելու եւ ուղիներ գտնելու փորձերի մասին։
Ըստ ուկրաինական հետախուզության՝ Ռուսաստանը նախատեսում է արտադրել ապրանքներ վրացական, հայկական եւ ադրբեջանական ապրանքների անվան տակ, այնուհետեւ արտահանել երրորդ երկրներ։
ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան եւս մեկ անգամ հայտնել է վրացական կողմի դժգոհությունը նման բովանդակության պնդումների առնչությամբ եւ նշել, որ նման չճշտված լուրերի հիման վրա տեղեկության տարածումը վնասում է երկու երկրների գործընկերությանը։
«Վրաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցչին խնդրել է ժամանակին փաստացի բացատրություններ եւ ապացույցներ տրամադրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության տրամադրած տեղեկության վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ ուկրաինացի դիվանագետը հանդիպման ժամանակ ասել է, որ այս փուլում համապատասխան արձագանք չունի ուկրաինական հետախուզության տարածած հայտարարությանը եւ նշել է, որ համապատասխան հաղորդագրություն կուղարկի Կիեւ։
Հանդիպմանը վերահաստատվել է Վրաստանի անսասան աջակցությունն Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին:
Անդրեյ Կասյանովն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանին` միջազգային կազմակերպությունների շրջանակում Ուկրաինային աջակցող բանաձեւերի ու հայտարարությունների, ինչպես նաեւ մարդասիրական օգնության համար։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին իր հերթին անհասկանալի է որակել Ուկրաինայի հետախուզական ծառայության հայտարարությունը, ըստ որի՝ պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու նպատակով Մոսկվան բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ռուսական արտադրանքը միջազգային շուկա վերաարտահանման շուրջ։
Ընդ որում՝ սա ուկրաինական կողմի առաջին մեղադրական հայտարարությունը չէ. նման հաղորդագրություն է հրապարակվել նաեւ ապրիլի 4-ին։
Հայաստանի արտգործնախարարությունը դեռեւս չի արձագանքել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տարածած հայտարարությանը: