«Արէ» կատարողական արվեստի փառատոնն ավարտվեց նկարիչ Գրիգոր Խաչատրյանի «Աստված ամենուր է» պերֆորմանսով:
Գրիգոր Խաչատրյանին մեկ անգամ հանդիպելուց հետո նախ չես մոռանա նրա ծիծաղը, զրուցելուց հետո էլ շատ բաներ կպարզես ինքդ քեզ համար: «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ, դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք, եւ դուք գտնվում եք Գրիգոր Խաչատրյանի սեռական ճառագայթների տիրույթում»,- ասում է նա:
Էպատաժային այս արվեստագետը մերօրյա խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար միշտ դուրս է գալիս ավանդական ժանրի կարծրատիպային սահմաններից: Այս վիդեո պերֆորմանսն էլ բացառություն չէր:
«Աստված արդեն ունի անուն ազգանուն՝ Գրիգոր Խաչատրյան: Ես կատակել չեմ սիրում՝ ամենայն լրջությամբ: Ես բոլորի համար ստեղծել եմ աստծո հետ առանձնանալու հնարավորությունը, ցանկության դեպքում համեցե՛ք՝ Պուշկին 36, բնակարան 13»:
Գրիգոր Խաչատրյանի հիմնադրած ու ղեկավարած «Անուշադրություն», «Պատահականությունների պլանավորման ազգային» կենտրոններում զբաղված են մերօրյա հասարակական, քաղաքական խնդիրների վրա ուշադրություն սեւեռելով:
Գրիգոր Խաչատրյանը հայտնի է ոչ միայն իր հետաքրքիր, հումորով հագեցած մտքերով , այլեւ ակցիաներով: Իր պերֆորմանսներով, նկարներով հայտնի է դարձել դեռեւս 80-ականներին, «Գարուն» ամսագրից: 1990-ականներին նա սահմանել էր մրցանակ՝ «Գրիգոր Խաչատրյան»-ի անունով: Մրցանակը տրվում էր նրանց, ովքեր կարողանում էին իրենք իրենց գերազանցել. «Երբ նայում եմ մարդուն ու ասում եմ ՝ «մալադեց», այդ ժամանակ ի՞նչ պիտի տամ նրան՝ իհարկե իմ մրցանակը: Ավելի թանկ ու կարեւոր բան, քան Գրիգոր Խաչատրյանի մրցանակն է, չկա՛»:
Փառատոնի մասնակիցներն ասում են, որ այս նոր մոտեցումներն ընդլայնում են արվեստագետների եւ հանդիսատեսի մտահորիզոնը՝ ներկայացնելով նոր, ժանրային եւ տեսակային փոխկապակցված աշխատանք, որը յուրօրինակ է ու ժամանակի ոգուն համապատասխան:
Փառատոնը տեւեց մեկ ու կես ամիս՝ մարտի 17-ից մայիսի 1-ը: 27 տարբեր ժանրեր, մոտեցումներ, մաքուր պերֆորմանս արտ, նաեւ հիբրիդներ… Յուրաքանչյուր գարուն «ԱՐէ»-ն ներկայացնում է առանձնահատուկ բովանդակություն, որ տարածաշրջանում միայն այս փառատոնի մենաշնորհն է: «Արէ»-ն առհասարակ դռներ է բացում ամեն նոր բանի առջեւ՝ շեշտադրելով՝ «պերֆորմանս արտ»-ը, արվեստագետներին հնարավորություն տալով ներկայանալու իրենց տեսողական (ցուցահանդեսներ, ինստալյացիաներ, վիդեոարտ) եւ կատարողական (կենդանի եւ վիդեո պերֆորմանսներ) բազմաշերտ ստեղծագործություններով: Սեմինարները, սիմպոզիումները, կլոր սեղաններն ու արվեստագետների հետ հանդիպումները փառատոնի բաղկացուցիչներն են:
Այս տարի Մարինե Կարոյանը ստացված է համարում Չեխիայից ժամանած արվեստագետ Անտոնին Բրինդայի պերֆորմանսը, որը հեղինակի ճամփորդության տպավորությունների խտացումն է:
Ստացվել է այնպես, որ վերջին «Արէ»-ներն ընթացան հեղափոխության կամ ներքաղաքական փոթորկուն շրջանում, այս տարին եւս բացառություն չէր:
Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը կարծում է, որ արվեստի, մշակույթի զարգացման, տարածման համար ավելի բարենպաստ ու հանգիստ պայմաններ են անհրաժեշտ, ավելի լայն հնարավորություններ՝ նյութական ու մարդկային, որպեսզի կատարված աշխատանքը նաեւ մնայուն դառնա:
Փառատոնն արդեն 8-րդ անգամ է անցկացվում, ըստ կազմակերպիչների՝ նույն ինտենսիվությամբ փառատոն դժվար է իրականացնել: «Մեծ քանակությամբ միջազգային արվեստագետներ են մասնակցում, պարզապես հնարավոր չէ բոլոր փառատոներին ապահովել բարձրորակ, հետաքրքիր առաջարկ ներկայացնող գործեր»,- ասաց Նազարեթ Կարոյանը:
Նրա կարծիքով՝ այս տարի պակասում էին բարձր դասի արվեստագետներ հենց արտերկրից: Քննադատը բոլորի մեջ որակապես առանձնացրեց գերմանացի արվեստագետ Աստրիդ Բուշի ցուցադրությունը, որը նաեւ «ՀայԱրտ»-ում կազմակերպված ցուցահանդեսների մեջ հիշվողներից է:
«ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնն այսօր տեխնիկական բարդ վիճակում է, Մարինե Կարոյանը զբաղված է կենտրոնը կենդանացնելով, փառատոնն այս իմաստով զգալի ներդրում է «ՀայԱրտ»-ի գործունեության մեջ:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։