Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ եւ առեւտրային համագործակցության ընդլայնմամբ։
Միխալկոն կարեւորել է «Հարավային գազային միջանցք» անունը կրող համատեղ նախագիծը:
Խոսքը ավելի քան 40 միլիարդ դոլար արժողության 3500 կիլոմետր երկարությամբ ձգվող գազատարի մասին է, որը կառուցվում է արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին զուգահեռ:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի գազային պաշարները կբավականացնեն առնվազն 100 տարի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ այն երկրներին, որոնք այդ ոլորտում համագործակցում են Բաքվի հետ։ Ռուսաստանի հետ «գազային» կապերը աստիճանաբար խզել ձգտող Եվրամիությունն ադրբեջանական գազը եւս ռուսական գազին այլընտրանք է դիտարկում։