ԱՄՆ Սենատի երկկուսակցական մեծամասնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի հետեւողական լինի մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ 100 սենատորից 54-ը ստորագրել է նամակ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով թուրքական ընդդիմությանը մարգինացնելու, քննադատաբար տրամադրված ԶԼ միջոցների ճնշման, լրագրողներին ազատազրկելու եւ անկախ դատավորներին հալածելու համար:
Նամակում սենատորները Էրդողանին եւ նրա վարչակազմին կոչ են անում անհապաղ դադարեցնել երկրում եւ երկրից դուրս ապրող այլախոհների հալածանքը, ազատել քաղբանտարկյալներին ու խղճի կալանավորներին եւ փոխել ավտորիտար կառավարման եղանակը:
Ակնկալվում է, որ Բայդենը բավական կոշտ կարձագանքի Անկարայի՝ մարդու իրավունքները ոտնահարող քաղաքականությանը:
2016-ի ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը ձերբակալել էր շուրջ 300 հազար մարդու, աշխատանքից հեռացրել ավելի քան 150 հազար մարդու: Փակվել էին հարյուրավոր ԶԼ միջոցներ, տանյակ ընդդիմադիր գործիչներ առ այսօր բանտում են:
Չորեքշաբթի ԱՄՆ կառավարությունը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել բարերար եւ իրավապաշտպան Օսման Կավալային, որը 2017-ին հակակառավարական բողոքի ցույցերի համար բանտ էր նետվել։ Երեք տարի անց նա ազատ արձակվեց, բայց կրկին ձերբակալվեց 2020-ին։ Կավալան առանց դատ ու դատաստանի արդեն ավելի քան երեք տարի բանտում է: