Աուտիզմը զարգացման նյարդաբանական բարդ խանգարում է: Այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիներին եւ ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերությունների ու հաղորդակցման հմտությունների զարգացումը:
«Ալիք Մեդիա»-ն փորձեց պարզել՝ ինչպես են Հայաստանում աշխատում աուտիզմ ունեցող երեխաների հետ, ինչ խնդիրներ կան ժամանցի կազմակերպման հարցերում, եւ ինչ օրինակ կարելի է վերցնել միջազգային փորձից:
«Դեռ կյանքի վաղ շրջանում երեխան սկսում է ճանաչել մայրիկին, նրա ձայնը, ժպտում է իրեն ծանոթ մարդկանց, իրերին, արձագանքում է իրեն անհասկանալի ձայներին, ցուցաբերում հույզեր եւ այլն: Սակայն ոչ բոլոր երեխաներն են տալիս մեզ համար ընդունված, սպասված արձագանքները»,- ասում է վարքային թերապիստ Աստղիկ Մելիքյանը, որ արդեն երկար ժամանակ աշխատում է նման խնդրով երեխաների հետ:
Նա պատմում է, որ որպես ահազանգ եւ ախտանիշ կարող է լինել երեխայի՝ մայրիկին մյուսներից չտարբերելը, անտարբերությունը միջավայրի նկատմամբ, հայացքի անորոշությունը, հետագայում անվանը կամ ձայներին չարձագանքելը, ստերեոտիպային վարքը (կրկնվող շարժումներ, ձայներ) եւ այսպես շարունակ տարիքին համապատասխան զարգացման խանգարումները:
Կյանքի առաջին շրջանում երեխաների զարգացման փուլերին հետեւել օգնում են տեղամասային թերապեւտները: Եթե նկատվում են զարգացման շեղումներ, ծնողներին ուղղորդում են ավելի նեղ մասնագետների մոտ: Սակայն ժամանակակից մայրիկները շատ ավելի տեղեկացված են եւ փոքրիկ մտահոգության դեպքում սկսում են հայթայթել տարբեր տեղեկություններ եւ դիմել մասնագետների՝ երեխաներին արագ օգնելու համար:
Երբեմն աուտիզմով երեխայի վարքը չի հասկացվում ընտանիքի անդամների կողմից, երեխայի գերակտիվությունը կամ ինքնամփոփ լինելն ընկալվում են որպես բնավորության գիծ, սակայն ժամանակի հետ նկատվում է խնդիրը: Մասնագետի կարծիքով՝ որքան շուտ սկսվի երեխայի հետ աշխատանքը (վերականգնողական կամ շտկման), այնքան լավ:
Դպրոցը կարող է օգնել աուտիզմով երեխաներին ու նրանց ծնողներին, եթե ունենա բազմամասնագիտական ու լիարժեք պատրաստված թիմ, որն իրազեկված է հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների խնդիրներին: Սակայն Մելիքյանը կարծում է՝ այս պահին մասնագետները վերապատրաստված են միայն տեսականորեն:
Նույնիսկ մանկապարտեզ գնալը նման փոքրիկների համար խնդիր է, որովհետեւ շատ դաստիարակներ չեն ընդունում, որ աուտիզմ ունեցող երեխաներն ուշադրության ավելի մեծ պահանջ ունեն, ինչն իրենք ֆիզիկապես չեն հասցնում ապահովել: Այսինքն՝ երեխայի ներառման համար նոր հաստիքներ են հարկավոր:
«Մենք ուղղորդում ենք ծնողներին՝ ասելով, թե ինչ խմբակների կարելի է տանել նման խնդրով երեխաներին, բայց նրանք խուսափում են, շատ հաճախ ամաչում են, որովհետեւ ժամանցային կենտրոններում այլ ծնողներ ցանկանում են, որ իրենց երեխաների հետ ոչ ցանկալի վարք ունեցող երեխաներ չլինեն՝ պատճառաբանելով, որ նրանց կարող են ընդօրինակել: Դրա փոխարեն պետք է բացատրել երեխային, որ կան մարդիկ, որոնք նման չեն իրենց, որ նրանց պետք է օգնել, ոչ թե ընդօրինակել:
Այս ամենի մասին պետք է իրազեկված լինի նաեւ ծնողը: Որպես աուտիզմի իրազեկման օր նշում ենք ապրիլի 2-ը: Այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, իրազեկում են հասարակությանը, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու այս բնագավառում»,- ասում է Մելիքյանը:
Կրթության հոգեբան Հասմիկ Մարտիրյանը կարծում է՝ կան լուրջ բացեր հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ծնողավարական բավարար գիտելիքի եւ մասնագիտական հմտությունների զարգացման առումով։ Թե՛ ծնողների, թե՛ խմբակներում դասավանդող մասնագետների համար ավելի հեշտ է «հրաժարվել միմյանցից», քան յուրացնել նոր գիտելիքներ եւ կիրառել դրանք երեխաների հետ աշխատանքում, որովհետեւ այս դեպքում ստիպված են ժամանակ եւ ջանք գործադրել։ Սակայն մեծահասակների ջանքերը՝ ուղղված ինքնակրթությանն ու հանդուրժողականության զարգացմանը, կարող են շատ բան դրականորեն փոխել աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների կյանքում։
Աուտիզմ ունեցող երեխաների ծնողները հաճախ հրաժարվում են խմբակների, դասընթացների ծառայություններից, քանի որ նախ իրենք են դժվարանում ուսուցանել, ամրապնդել երեխայի սոցիալապես ցանկալի վարքը եւ համոզված չեն, որ նա ինքնուրույն կարող է մնալ իր համար օտար միջավայրում: Նաեւ շատ խմբակներում գործող մասնագետները չունեն նման համախտանիշ ունեցող երեխաների հետ աշխատելու փորձ, ինչի պատճառով խուսափում են նրանց խմբակ ընդունելուց։
«Վճարովի խմբակների դեպքում որոշ ծնողներ իրենց երեխայի համար «ապահով» միջավայր ստեղծելու ինչ-որ պահանջներ են ներկայացնում եւ ունեն չհիմնավորված դիրքորոշումներ աուտիզմ ունեցող երեխաների հանդեպ։ Համապատասխան գիտելիքի եւ հանդուրժողականության բացակայության պատճառով այս ծնողները կարծում են, որ աուտիզմ ունեցողները խմբում կխանգարեն իրենց երեխային։ Նշված հանգամանքները եւ բազմաթիվ այլ պատճառներ ստիպում են ծնողներին հրաժարվել երեխային խմբակների տանելու մտքից»,- մանրամասնում է Հասմիկը։
Աուտիսիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաներին բնորոշ են դժվարությունները հաղորդակցման, առհասարակ սոցիալիզացիայի ընթացքում։ Սա է պատճառը, որ ամենահարմարավետ կահավորված ժամանցի կենտրոնները, ամենահետաքրքիր ժամանցի տարբերակները նրանց համար կարող են լինել անցանկալի եւ անապահով, եթե դրանք տարբերվում են իրենց արդեն ծանոթ ժամանցի միջոցներից։ Նրանց արդյունավետ ժամանցը կազմակերպելու համար անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները, նախասիրությունները, անցակալի վարքի դրսեւորման ազդակները։ Կարեւոր է հագեցնել ժամանցը հստակ հանձնարարություններով, համապատասխան դիդակտիկ, խրախուսանքի պարագաներով, ինչը կարող է լինել ոչ միայն սիրելի խաղալիք, նախընտրելի զբաղմունք, այլեւ սնունդ։ Հանձնարարություններից եւ խրախուսանքից բացի կարեւոր է հստակ ժամանակ տրամադրել պարզապես հանգստի համար, որը կազմակերպելիս կրկին հաշվի են առնվում երեխայի նախասիրությունները։
Աստղիկ Մելիքյանը խուսափում է պատասխանելուց, թե ինչպիսի կյանք է սպասում նման խնդրով երեխաներին ապագայում. դա ոչ ոք չգիտի: Սակայն կան երեխաներ, որոնք, ունենալով այս խնդիրն ու լինելով ոչ այնքան ընկալունակ կենցաղային ու սոցիալական հարցերում, լուրջ պոտենցիալ ունեն: Նրանք կարող են, զարգացնելով իրենց ուժեղ կողմերը, հետագայում լավ մասնագետներ դառնալ եւ «տուն պահել»:
Հիմնականում նման խնդրով երեխաներին «փախցնում են» Եվրոպա, որովհետեւ եվրոպական երկրներում թոշակով, անգամ աշխատանքով են ապահովում նրանց: Օրինակ՝ նման խնդրով մարդը կարող է աշխատել փաթեթավորման կամ մեխանիկական աշխատանք ենթադրող ինչ-որ հաստիքում: Բայց քանի որ Հայաստանն աղքատ երկիր է, այստեղ այդ աշխատանքները հազիվ բավարարում են առողջ մարդկանց: