Ապրիլի 29-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշումը (հրապարակվել է մայիսի 2-ին), որով հիշյալ տխրահռչակ հոդվածը համարել է Սահմանադրությանը համապատասխանող։
Հիշեցնեմ, խոսքն այսպես կոչված «ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի» համար քրեական պատասխանատվություն սահմանելուն է վերաբերում։
Որ մի խումբ ՔՊ-ականների երկնած եւ իրենց ու իրենց շեֆին ցանկացած քննադատությունից զերծ պահելուն միտված հոդվածը ՍԴ-ն սահմանադրական էր համարելու, ոչ մի րոպե չէի կասկածում։ Այն իսկապես էլ համապատասխանում է գործող Սահմանադրության 42-րդ հոդվածի կարգավորումներին։
Մեկնաբանեմ. եթե 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով մարդու իրավունքներին վերաբերող հոդվածների՝ սահմանափակումները սահմանող կետերից հանված չլիներ մի արտահայտություն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը կհամարվեր հակասահմանադրական։
Համեմատեք.
Մինչ 2015 թվականը գործած Սահմանադրություն, հոդված 43. «Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»:
Իսկ հիմա գործող՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասը. «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Թվում է՝ աննշան փոփոխություն է, ընդամենը հանված է «եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» բառակապակցությունը։ Բայց հենց այստեղ է թաղված շան գլուխը։ Եթե այդ արտահայտությունը մնացած լիներ գործող Սահմանադրությունում, ապա ՍԴ-ի որոշման մեջ զանազան տափակ լոլոներ ներառելու փոխարեն կգրվեր, որ թեպետ կարգավորումը միտված է այլոց իրավունքները պաշտպանելուն, սակայն նման խիստ սահմանափակումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում (իսկ իշխանությունները պնդում են, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է), եւ վերջ, հարցը կփակվեր, հոդվածն էլ կհամարվեր Սահմանադրությանը հակասող։
Ի դեպ, եթե «ծանր վիրավորանքի» համար պատասխանատվության ենթարկված որեւէ մեկը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ապա, վստահաբար ասում եմ, ՄԻԵԴ-ի վճռում նշվելու է, որ ՀՀ քրեական օրենգրքի 137.1 հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որովհետեւ այնտեղ էլ սահմանափակումների պարտադիր պայման է ժողովրդավարական հասարակությունում դրանց անհրաժեշտության հիմնավորումը։
Սահմանադրական դատարանի վճռի զանազան անբանական ու անհասկանալի ձեւակերպումներին չեմ անդրադառնա։ Բայց Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածում տերմինների (եզրույթների) անհստակությանը վերաբերող հատվածը մեջբերեմ.
«Վիճարկվող դրույթի 1-ին և 2-րդ մասերում առկա եզրույթների, այնպես էլ «հանրային գործունեության» բովանդակությունը կազմող մյուս ձևակերպումների մի մասը ոչ թե անորոշ է, այլ գնահատողական, եւ դրանք չեն խաթարում իրավական որոշակիության սկզբունքը: Վիճարկվող դրույթում առկա ընդհանրական ձևակերպումների բովանդակությունը պետք է բացահայտվի իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում՝ նկատի ունենալով յուրաքանչյուր կոնկրետ դեպքը եւ դրա առանձնահատկությունները, ծանր վիրավորանքի համատեքստը եւ այլն»։
Ի դեպ, հենց միայն այս՝ եզրույթների անհստակությունը կարող էր հիմք դառնալ 137.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու համար։ Մինչդեռ իրենք ահա այդ մեկնաբանությունն են տվել։
Այո՛, ես չար մարդ եմ, կամ եթե կուզեք այդպիսին համարեք. ես ցանկանում եմ, շատ եմ ցանկանում, որ ՍԴ նախագահի զավակները դատապարտվեն այդ`137.1 հոդվածով (թեկուզ եւ ընդամենը տուգանքի, բարի եմ, չեմ ուզի՝ ազատազրկվեն)։ Ասենք, դատարանը գնահատի, որ Արման Դիլանյանի սիրասուն զավակները, չծափահարելով «արեգակնափայլ առաջնորդ» Նիկոլ Փաշինյանին, ծանր վիրավորանք են հասցրել նրան, եւ իհարկե համապատասխան պատիժ սահմանի։
Կարծում եք անիրականանալի բա՞ն եմ ասում։ Բնավ։ 2015 թվականին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակ կարկառուններն էլ էին կարծում, թե մենք՝ համեստ փորձագետներս, խտացնում ենք գույները՝ նկարագրելով, թե ինչի կհանգեցնի իրավունքների սահմանափակումներից անհրաժեշտության բաղադրիչը հանելը։ Հիմա երեւի հասկացել են, որ չէինք չափազանցնում։
Արման Դիլանյանն էլ, երբ իր օրինականացրած մախաթը կմտնի իր իսկ… կոկորդը, այսինքն՝ իր զավակները կդատապարտվեն «հայ ժողովրդի իմաստուն հորը» ծանր վիրավորանք հասցնելու համար (որովհետեւ ինքը՝ Արման Դիլանյանն է իր ղեկավարած դատարանի վճռով ծանր վիրավորանքի գնահատումը թողել դատարանին, իսկ դատարանն էլ այդպես կգնահատի Փաշինյանին չծափահարելը), երեւի կհասկանա, որ իրենք գուցեւ Սահմանադրության տառին համապատասխանող, բայց անտրամաբանական, հակաբանական եւ հակաբարոյական որոշում են կայացրել։
Հ. Գ. Ի գիտություն կարկառուն իրավաբան Արման Դիլանյանի՝ իմ որակումները գնահատողական դատողություններ են։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։