Ըստ Associated Press գործակալության՝ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդացության անկման պայմաններում Պեկինը արտասահմանից ժամանողների համար կրճատել է կորոնավիրուսի կարանտինի ժամկետը, Հոնկոնգը վերստին բացել է լողափերն ու լողավազանները:
Մասնավորապես, արտասահմանից Պեկին ժամանողներն այժմ առաջվա 14 օրվա փոխարեն պետք է 10 օր ինքնամեկուսացվեն հյուրանոցում, սակայն նրանց առաջվա պես հարկավոր կլինի եւս մեկ շաբաթ տանը կարանտինում մնալ՝ կանոնավոր կերպով ստուգելով առողջական վիճակը:
Չինաստանի իշխանություններն առհասարակ անհանդուրժողականություն են դրսեւորում կորոնավիրուսի նկատմամբ եւ վարակման առաջին դեպքերը հայտնաբերելիս անհապաղ խիստ սահմանափակումներ են մտցնում:
Հոնկոնգում մարդկանց կրկին թույլատրել են հաճախել լողավազաններ ու լողափեր, դրսում սպորտով զբաղվել առանց դիմակների: Ռեստորաններում այցելուներին թույլատրել են մինչեւ ութ մարդ նստեցնել մեկ սեղանի շուրջը: Հաջորդ մեղմացումները, ինչպես սպասվում է, սահմանվելու են մայիսի 19-ին, երբ ռեստորաններին կթույլատրեն աշխատել մինչեւ կեսգիշեր, իսկ բարերին ու ակումբներին՝ վերսկսել աշխատանքը:
Հոնկոնգում կորոնավիրուսային վարակից մահացությունը հասել է զրոյի, այն դեպքում, երբ մարտին այնտեղ օրական գրանցվում էր քովիդ-ախտահարվածների մինչեւ 300 մահ: