Արդեն քանի օր Ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում է մի հատված ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի տարիներ առաջ տված հարցազրույցից, որում նա ասում է, թե նժդեհական գաղափարախոսությունն, ըստ էության, ֆաշիստական է։
«Նժդեհյան գաղափարախոսությունն իրականում շատ վտանգավոր է մեզ՝ 21–րդ դարի հասարակության համար, որովհետեւ այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա»։
Անկախ ասելու ժամանակից եւ ասողի կարգավիճակից՝ կտրուկ գնահատական է, որն հանրության մի զգալի հատվածի հոգեխանգարմունքի է մատնել։
Հիացած լինելով Գարեգին Նժդեհի ռազմական ու քաղաքական գործունեությամբ, համոզված լինելով, որ առանց նրա Սյունիքը չէինք ունենա, հետեւաբար եւ չէինք ունենա սահման հարեւան Իրանի հետ, ես չեմ կիսում ոչ բանախոսի ռետրո «խիզախությունը», ոչ էլ՝ առավել եւս, զգալի հատվածի հոգեխանգարմունքը։
Ասեմ նաեւ, որ թեմայով կուրծք ծեծող շատ-շատերից ավելի վաղ ու ավելի լավ եմ ծանոթ եղել թե՛ Նժդեհի կերպարին, թե՛ «Ցեղակրոնին», բայց վերջինի մեջ չեմ գտել մի բան, որն ընդհանրականորեն եւ համապարփակ կերպով կլուծեր մեր խնդիրները։
Նժդեհի ցեղակրոնը խրամատաբնակ մարդու մտածողության պլան է։ Ուրիշ ոչինչ։
Խորհրդային վերջին տարիներին Նժդեհի ու «Ցեղակրոնի» մասին արդեն խոսվում էր, բայց հասարակական-քաղաքական մեր առօրյա այն ներմուծեց Հանրապետական կուսակցության հիմնադիր-առաջնորդ Աշոտ Նավասարդյանը։ Նավասարդյանին ծանոթ եմ եղել անձամբ, տարբեր առիթներով հանդիպել, խոսել ենք, ակնածանքով եմ վերաբերվել անկախության համար պայքարողի նրա կերպարին։
Նավասարդյանի քաղաքական պրակտիկայում «Ցեղակրոնը» տեղավորվելիք բան էր, իսկ կուսակցությունն, ինչպես այդ ժամանակվա քաղաքական շատ միավորներ, մարգինալ էր։
Նժդեհի ցեղակրոնը խրամատաբնակ մարդու մտածողության պլան է։ Ուրիշ ոչինչ։
Մի անգամ, 1991 թվականին էր կարծեմ, հարցազրույց էի անում արձակագիր Աղասի Այվազյանի հետ։ Այվազյանը ձեռնարկել էր «Հայություն» շաբաթաթերթի հրատարակումը։ Խոսեցինք տարբեր թեմաներով ու, հիշում եմ, հարցրի՝ ի՞նչ կարծիքի եք նոր մամուլի մասին, ո՞ր թերթն եք հավանում։ Այդ ժամանակ նոր ու բազմազան բավական շատ թերթեր էին լույս տեսնում։ Այվազյանը երկար չմտածեց. «Էն օրը կրպակին մոտեցա, մի թերթ աչքովս ընկավ, անունը հիմա չեմ հիշում, բայց գլխագրի կողքին սվաստիկա կար, այ էդ թերթն* եմ հավանում»։ Ինչո՞ւ, հարցրի՝ շատ լավ իմանալով, որ հումանիստ գրողը դժվար թե ֆաշիզմի համակիր լինի։ Ասաց. «Չգիտեմ՝ էդ ի՞նչ թերթ ա, ո՞ւմն ա, ո՞վ ա տպում, չեմ էլ կարդացել, ես էդ թերթը բոլոր թերթերի մեջ եմ հավանում»։
Որպես գունապնակի մի երանգ՝ «Ցեղակրոնն» իսկապես հմայիչ էր, բայց երբ Աշոտ Նավասարդյանը ցավալիորեն վաղաժամ հրաժեշտ տվեց երկրային կյանքին ու երբ նրա հիմնադրած Հանրապետականը դարձավ քաղաքական լիդերների (ներեցեք ռուսերեն բառի համար) дежурный հարթակ, Նժդեհի վարդապետությունը կուսակցական ֆունկցիոներների համար վերածվեց կեղծիքը, սուտը, քաղաքական անբանությունն ու հասարակական ամբարտավանությունը քողարկող գործիքի՝ միաժամանակ նոր արյուն տալով հարատեւ կռվի հինավուրց գաղափարին։
Երբ պետությունը գործառնական չէ, երբ դիվանագիտությունը եւ աշխարհի հետ քաղաքական հարաբերությունները միապաղաղ են, խարիզման ու դիպուկ խոսքը շատ հեշտ են բարձրացվում Սահմանադրության մակարդակի։
ԿԳՄՍ փոխնախարարի հին հարցազրույցին եւ նորերս բարձրացված աղմուկին գուցե չանդրադառնայի, եթե չնկատեի երկու, ըստ իս, վտանգավոր բան։
Առաջինը կրոնական անհանդուժողականությունն է։ Կարծում եմ՝ չարժե այդչափ հատու խոսել մի երեւույթի մասին, որը տարիների ընթացքում (ականջը կանչի Մարքսի) դարձել է «ափիոն ժողովրդի համար»։
Կտրուկ, անառարկելի տոնը միշտ բերում է կանխատեսելի հակազդեցության, հատկապես որ մեզանում ընդունված չէ խոսքին խոսքով պատասխանելը, դատողությունը փաստարկներով եւ ուրույն դատողություններով հերքելը։
Կտրուկ, անառարկելի տոնին մեզանում սովորաբար հակադրվում են նույնքան կտրուկ, առավել անառարկելի եւ կարծր կարգախոսությամբ. «Նժդեհի գիրքը երկրորդ Աստվածաշունչ է», «Ամեն երեխա պետք է դաստիարակվի Գարեգին Նժդեհի գաղափարներով» եւ այլն ու… շատ երկար ժամանակ։
Երկրորդը՝ ժողովրդի (ոչ թե առանձին խմբերի), հենց ժողովրդի ցավալիորեն անխախտ այն պատկերացումն է, թե կուռքերն ու նրանց գեղեցիկ ասույթները մեզ կփրկեն։ Բայց եթե մարդիկ ուշադիր կարդան Նժդեհին, կիմանան, որ հենց ինքն է ասել. «Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը – պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին»:
*Նկատի ուներ «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության «Ցեղակրոն» պաշտոնաթերթը, որն ընկերների հետ 1988-91 թվականներին հրատարակում էր Շանթ Հարությունյանը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։