37-ամյա Հարություն Թադեւոսյանը 2019-ին երկրորդ անգամ ընտրվել էր Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի ղեկավար, սակայն մեկ տարի անց եղավ պատերազմը, եւ համայնքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Հիմա տարածքը չկա, բայց կան մարդիկ»,- ասում է երիտասարդ համայնքապետը: Գանձան ուներ 130 բնակիչ, նրանցից շատերն այժմ ապրում են Արարատի մարզի տարբեր բնակավայրերում: Ինքը համայնքապետը կնոջ եւ յոթ անչափահաս երեխաների հետ ապրում է Երեւանում` Շինարարական քոլեջի հանրակացարանում:
Հարություն Թադեւոսյանը մինչ օրս ամենօրյա կապ է պահում իր գյուղի բնակիչների հետ, օգնում է լուծելու նրանց սոցիալական եւ փաստաթղթային խնդիրները: Ի պատասխան մեր հարցի, թե ինչքան ժամանակ է դեռ պատրաստվում կատարելու համայնքապետի գործառույթները, Թադեւոսյանն ասում է. «Ես պարտավոր եմ իմ տեղահանված համայնքին օգնել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց բոլոր խնդիները մինչեւ ամենավերջինը չեն լուծվել»:
Հարություն Թադեւոսյան. «Մեր գյուղը միշտ թիկունք է համարվել, ապահով տեղ: Միշտ իմացել ենք, երբ էլ պատերազմ լինի, ոնց էլ այն ավարտվի,
մեր գյուղին ոչինչ չի լինի: Բայց այս պատերազմում թիկունք հասկացողություն էլ չկար, ամբողջ Արցախն առաջնագիծ էր»:
17 տարեկան Հելենը, 15 տարեկան Ջիվանը, 13 տարեկան Լիլիթը, 11 տարեկան Տիգրանը, 9 տարեկան Հիլդան,
7 տարեկան Մանանը եւ 5 տարեկան Անգելան ծնողների հետ ապրում են երեք սենյականոց հանրակացարանում:
Երեխաներն ասում են` իրենց գյուղն ու տունը շատ են կարոտում, բայց Երեւանում զբաղմունք գտնելն ու սովորելն ավելի հեշտ է:
Հարություն Թադեւոսյան. «Քառօրյա պատերազմում գյուղապետներին զորակոչել էին, բայց հետո հասկացան` դա սխալ է, այդպես տեղում
չի ստացվում պաշտպանություն կազմակերպել: Այս պատերազմում համայնքապետները մնացին թիկունքում, այնտեղ էին կարեւոր գործեր անում»:
Հարություն Թադեւոսյան. «Այնտեղ ես օրինական զենքեր ունեի: Քանի որ շատ էի բացակայում, զենքերս լիցքավորել ու տվել էի տղաներիս,
որ եթե մի բան լինի, իրենց տունը պաշտպանեն»:
Թշնամին Գանձա համայնք չի մտել, բայց գյուղի վրա անընդհատ ԱԹՍ-ների բեկորներ էին ընկնում:
Համայնքապետի կինը՝ Հերմինե Հովհաննիսյանը, Գանձա գյուղի դպրոցի տնօրենն էր:
Նա գյուղից հեռանալիս իրենց ծառերի տերեւներից է բերել, չորացրել ու պահում է որպես հիշատակ:
Աղջիկները շատ չեն խոսում, միայն ասում են, որ այժմ պարտաճանաչ դպրոց են գնում եւ կենտրոնացել են լավ կրթություն ստանալու վրա:
Ընտանիքի հայրն ասում է` երազում է, որ բոլոր յոթ երեխաները բարձրագույն կրթություն ստանան, բայց այժմ, երբ իրենք կորցրել են ամեն ինչ,
դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են կարողանալու դրա համար անհրաժեշտ գումար գտնել:
Հերմինե Հովհաննիսյան. «Շատերը հիմա մեզ ասում են` լավ է, այն ժամանակ գյուղում էիք ապրում, հիմա եկել եք քաղաք:
Բայց նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում կորցնել ամեն ինչ»:
Հերմինե Հովհաննիսյան. «Երբ վերջին անգամ մեր տանն էի, փոշիները մաքրեցի, հավաքեցի: Շատերը հեռանալիս իրենց տները հրդեհեցին կամ քանդեցին,
իսկ մենք դուռն ուղղակի փակեցինք ու բանալին դրեցինք կողքը: Չէինք ուզում, որ մեր տան դուռը կոտրելով ներս մտնեն»:
15-ամյա Ջիվանն ու 11- ամյա Տիգրանն այժմ զբաղվում են կարատեով, մեդալներ են ստանում, սակայն ասում են,
որ շատ են կարոտում Գանձայի մոտակա անտառներում հոր հետ որսի գնալու օրերը:
Յոթ երեխաների ծնողները չգիտեն, թե ինչ է իրենց սպասում ապագայում, բայց գիտեն, որ Գանձայում իրենց երեխաները երջանիկ մանկություն են ունեցել:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։