ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը հետեւած արձագանքները միանգամայն սպասելի էին: Սպասելի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մերժի իշխանությունների հետ երկխոսության գնալու կոչը՝ նախընտրելով ավելի սրել ներքաղաքական առանց այն էլ սրված իրավիճակը:
Իշխանության հետ երկխոսության առաջարկը մերժելու մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պնդելով, թե «անհասկանալի է, թե ինչի շուրջ բանակցել Նիկոլի հետ»։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, թե «Պարոն Տեր-Պետրոսյան «ազգակործան պատուհասի» հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»:
Ու եթե Աշոտյանն արձագանքելիս, չնայած մանիպուլյացիաների շարանին, այնուամենայնիվ, պահպանել էր քաղաքավարության տարրական կանոնները, ապա նույնը չես ասի Իշխան Սաղաթելյանի մասին. երիտասարդ դաշնակցականը սկզբում նենգափոխել է Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ նրան վերագրելով միանգամայն այլ արտահայտություններ, այնուհետեւ սկսել «կռիվ տալ» այդ հորինվածքի դեմ:
Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է. «Հարգելի պրն Լեւոն Տեր-Պետրոսյան, դու այդ խոսքերն ասում էիր եւ 1997-1998 թվականներին, ասում էիր՝ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, Սերգո՛ ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, եւ Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով»:
Սկսենք նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեւէ չի խոսել զիջումների մասին եւ կոչ չի արել հանձնելու Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ե՛ւ իր նախագահության օրոք (ընդ որում՝ նաեւ պատերազմի ընթացքում), ե՛ւ ընդդիմադիր գործունեության ողջ ընթացքում պնդել է ԼՂ խնդրում փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին՝ միաժամանակ շեշտելով, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, եւ որ ստատուս-քվոյի պահպանումը Հայաստանի դեմ է աշխատում:
Իսկ «փոխզիջում» եւ «զիջում» տերմինները, ինքներդ եք հասկանում, միանգամայն տարբեր հասկացություններ են, միանգամայն ուրիշ իմաստ ունեն: Բայց դա չի խանգարել, որպեսզի դաշնակցական քարոզչամեքենան, 30 տարի շարունակ նենգափոխելով իրականությունը, մարդկանց համոզի, թե իբր Տեր-Պետրոսյանը հայտարարում է զիջումների մասին:
2020-ի սեպտեմբերյան արհավիրքը, ցավոք, եկավ ապացուցելու Տեր-Պետրոսյանի պնդումների ճշմարտացիությունը՝ ոչ միայն այն, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», այլ որ «ԼՂ խնդրում Հայաստանը դաշնակից չունի»: Եթե կան այդ աջակիցները կամ երբեւէ եղել են, ո՞ւր են նրանք, ո՞ր երկիրն է այս 30 տարվա ընթացքում ճանաչել ԼՂ անկախությունը: Ընդհակառակը, ողջ այս ընթացքում աշխարհը Հայաստանին կոչ է արել, ստիպել է գնալ փոխզիջումային լուծման՝ որպես առաջին քայլ վերադարձնելով առնվազն հինգ շրջանները: Իսկ պատերազմի ժամանակ որեւէ մեկն այդպես էլ Ադրբեջանի ձեռքը «չբռնեց», ու որեւէ մեկը չփորձեց օգնել Հայաստանին, ինչպես, ի դեպ, անում են այսօր Ուկրաինայի պարագայում:
Եվ հետո, 1998-ից սկսած, ՀՅԴ-ն փոքր ընդմիջումներով իշխանության մաս է կազմել ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք:
Իսկ ՀՀ նախկին նախագահները մշտապես բանակցել են ԼՂ խնդիրը փոխզիջումային ճանապարհով լուծելու շուրջ: ԼՂ խնդրում ներկայացված բոլոր առաջարկներն անխտիր ենթադրել են փոխզիջումային տարբերակներ։ Ավելորդ է, թերեւս, մեջբերումներ անել բանակցային սեղանին դրված փաստաթղթերից, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարություններից:
Այլ բան է, որ նրանք ԵԱՀԿ ՄԽ միջնորդների մոտ «սկզբունքորեն համաձայնել» ու քննարկել, բանակցել են փոխզիջումների գնալու հարցը, բայց հաջորդ իսկ պահին շարունակել են ստատուս-քվոն պահպանելու քաղաքականությունը եւ հասարակությանը ներարկել ոչմիթիզականության գաղափարը:
ՀՅԴ-ական գործչին, թերեւս, չէր խանգարի նաեւ հիշել իր կուսակցական գործընկերների հայտարարությունները, օրինակ, երբ ժամանակին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պնդում էր՝ «մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ, կարող է դերակատար չլինել»: Վերջերս էլ ՀՅԴ-ական մեկ այլ գործիչ՝ Գեղամ Մանուկյանը, պնդում էր, թե իրենք երբեք «ոչմիթիզական» չեն եղել, այլ իրենց վերագրել են նման կեցվածք: Ու վերջապես, Վիքիլիքսյան հայտնի սկանդալի ժամանակ գաղտնազերծված փաստաթղթերից մեկի համաձայն, 2009-ին ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչն ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը դրական էր գնահատել ԼՂ-ին եւ Լաչինի միջանցքին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակ տալն, այն դեպքում, երբ, 1998-ից սկսած, իրենք հրապարակայնորեն կտրուկ մերժում էին միջանկյալ կարգավիճակի տարբերակը՝ պնդելով միանգամից անկախությունը ճանաչելու մասին, շեշտելով, որ ԼՂ խնդիրը վաղուց լուծված է:
Իսկ իմաստ ունի՞ անդրադառնալու Իշխան Սաղաթելյանի պնդումներին, թե իրենք 20 տարի չզիջեցին, եւ Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով: Կարիք կա՞ համեմատելու եւ հիշեցնելու սոցիալ-տնտեսական որոշ ցուցանիշներ, թե այդ 20 տարիների ընթացքում ինչ տեմպերով է զարգացել Ադրբեջանը, ինչպես է զինվել՝ տարեցտարի ձեռք բերելով ռազմական գերակայություն, եւ ինչպես էր փորձում գոյատեւել երկու կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանը: Կարիք կա՞ թվերով ներկայացնելու, թե այդ 20 տարիների ընթացքում ինչպես խախտվեց հակամարտող երկու պետությունների միջեւ ռազմական հավասարակշռությունը: Էլ չենք խոսում, որ 44-օրյա պատերազմում պարտությունը նաեւ դրա հետեւանք էր:
Վերջում մեկ փաստ. Իշխան Սաղաթելյանը հիշել է Նիկոլ Փաշինյանի հասցեին ՀՀ առաջին նախագահի «ազգակործան պատուհաս» որակումը: Արմեն Աշոտյանն էլ իր հերթին հեռակա հարց է հնչեցրել, թե «հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ»։
Կպատասխանի այս հարցին Տեր-Պետրոսյանը, թե ոչ, իր որոշելիքն է: Ընդամենը նկատենք, որ ո՛չ երեկվա հոդվածում, ո՛չ էլ երբեւէ որեւէ հրապարակմամբ Տեր-Պետրոսյանը չի հայտարարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հասցեին իր տված գնահատականներից հրաժարվելու մասին: Այնպես որ, շարունակում են ուժի մեջ մնալ առաջին նախագահի բոլոր գնահատականներն անխտիր, այդ թվում՝ Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության հասցեին «ավազակապետություն» (կլեպտոկրատիա), «վերից վար կոռումպացված, հանցագործ վարչակարգ», «թաթար մոնղոլական խանություն», «ազգակործան պատուհաս» եւ մյուս բոլոր բնութագրերը:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: