Մայիսի 7-ից «Նորարար փորձառական արվեստի կենտրոնում» (ՆՓԱԿ) այցելուի առաջ իր դռները կբացի Պոլսահայ լրագրող, հասարակական գործիչ Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը ներկայացնող «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանության վայրում հիմնված Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի օրինակով ստեղծված ու լրամշակված տարբերակն է։
Ստամբուլի հուշավայրը սկսել է գործել 2019 թվականի ապրիլի 23-24-ին, անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կես» հոդվածից՝ հրատարակված 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։
Հրանտ Դինքը տեսանյութերով եւ ձայնագրություններով կլինի ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր կենսագրությունը, արդարության ճանապարհին հասնելու իր որդեգրած արժեքները, «Ակօս» թերթի պատմությունը՝ հիմնադրման օրից մինչեւ 2007 թվականը՝ նրա սպանությունը։ Ներկայացված են լինելու նաեւ Դինքի սպանությանը հաջորդող գործընթացները՝ դատավարությունն ու թուրք հասարակության արձագանքը։
«Նրա ամբողջ փափագն ու պայքարը արդարություն պահանջելն էր։ Թուրքիայի բոլոր փոքրամասնությունների մարդկային ամենաբնական իրավունքների պահանջ մը ուներ»,- մամուլի ասուլիսի իր ողջույնի խոսքում նշեց Ռաքել Դինքը՝ Հրանտ Դինքի այրին։
«Այս ցուցահանդեսով իրարու ալ ավելի բաժնեկից դարձանք ու պիտի դառնանք։ Սեր, միաբանություն, համերաշխություն, խաղաղություն, օրհնություն կմաղթեմ, կաղոթեմ Հայաստանի ու համայն աշխարհի համար»,- հավելեց Ռաքել Դինքը։
Երեւանում ցուցահանդեսը բաց կլինի 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ հուլիսի 31-ը։
«Ալիք Մեդիան» ավելի մանրամասն կանդրադառնա ցուցահանդեսին։