Գոհար Գրիգորյանը պայուսակում դեռ պահում է Շուշիի իրենց բնակարանի բանալիները. միակ հուշն է մնացել. «Ի՜նչ իմանայինք, որ ծանր գնով ազատագրված Շուշին երբեւէ կընկնի: Վազգեն Սարգսյանի արձանի կողքի շենքում էր մեր բնակարանը, պինդ կողպել եմ, բայց թուրքերը ներս են մտել, տակնուվրա արել: Տեսանյութերից երեւում է՝ մեր շենքի երեք հարկում ադրբեջանցի զինվորները փայտի վառարաններ են դրել»,- խոր հոգոց է հանում տիկին Գոհարը:
Հիշում է պատերազմի սկսվելը. «Վաղ առավոտյան պայթյունների ձայներից հարեւաններով գիշերային հագուստով դուրս էինք եկել. խառնաշփոթ էր, ճիչ ու աղաղակ…»:
Դուստրը՝ Նարինեն, շարունակում է. «Հարեւաններով իջանք խոնավ ու սառը նկուղ, փայտե դուռ կար, վրան մի քանի հոգով մի կերպ տեղավորվեցինք. գիշերը այդ դռան վրա պառկած լուսացրինք»:
Գոհարը զավակներին հաջորդ օրն ուղարկել է Հայաստան, ինքը մնացել Շուշիում. կամավորական ջոկատի հետ դիրքեր մեկնած ամուսնուն թողնել չէր կարող:
Հոկտեմբերի 6-ին, երբ արդեն Շուշիի վրա հարձակումներն ուժգնացել են, ստիպված եկել է Հայաստան:
«Տասը օր մայրս անկողնում պառկած մնաց, դեպրեսիայից միայն դեղերի ու հոգեբանների միջոցով նրան հաջողվեց դուրս գալ»,- պատմում է Նարինեն: Վախը դեռ չեն հաղթահարել. «Ամեն առավոտ տագնապով եմ արթնանում՝ կարծելով, թե երկինքը կմթնի, պայթյուն կլինի»:
Ընտանիքը այսօր ժամանակավոր ապաստանել է Աբովյան քաղաքի «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման գործարանի կացարանում: Գրիգորյանների ընտանիքից բացի՝ գործարանը հյուրընկալել է եւս 175 հոգու, որոնց մեծ մասն արդեն վերադարձել է իրենց տներ կամ այլ բնակության վայր է գտել:
Տնօրենությունը գործարանը ձեւափոխել, կահավորել ու կենցաղային հարմարավետ պայմաններ էր ստեղծել, ապահովում էր նաեւ սննդով: Շատերին առաջարկել է մասնագիտանալ ադամանդի մշակման գործում, ցանկության ու հմտանալու դեպքում էլ աշխատանքի անցնել գործարանում:
Նարինեն արդեն աշխատում է. ադամանդի լեզուն գտել է: «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտում էր սովորում՝ նկարիչ-մոդելավորման բաժնում, պատերազմը ընդհատեց ուսումը, կիսատ մնացին նաեւ ապագայի ծրագրերը: Պատրաստվում էր ամուսնանալու, բնակարանն ընտրել էին, որի պատուհանից այսօր ադրբեջանական դրոշ է կախված, հիմա ապագա ամուսինը ծառայում է Մարտունիում, ինքն էլ աշխատում է՝ հոգալու ընտանիքի կարիքները:
Փորձում է հարմարվել նաեւ քաղաքային միջավայրին, թեեւ մտքերն ու սիրտը Շուշիում են. «Մինչ այս երբեք ծննդավայրս՝ Շուշին, այսքան խորը չեմ զգացել, այսչափ չեմ մոտեցել ինքնությանս արմատներին»:
Գոհարը Շուշիի մթերային խանութներից մեկում էր աշխատում: «Քնում, արթնանում էինք մեր հողի վրա, առավոտյան բացում էի խանութի դուռը, ցողում սալահատակը, երեկոյան առեւտրից գոհ գնում տուն, այն ժամանակ առօրյա կյանքի երեւույթները սովորական բան, իսկ հիմա հրաշք են թվում»:
Հիմա ընտանիքից միայն Նարինեն է աշխատում, եղբայրը երրորդ կուրսի ուսանող է: Դասերի մեծ մասը բաց է թողել, բայց Ստեփանակերտում քննություններն է հանձնում: Շուտով կզորակոչվի բանակ, Գոհարն արդեն վախենում է որդու անվտանգության համար. «Գլխիս մնացած երկու սեւ մազն էլ շուտով կսպիտակեն»:
Ամուսինը՝ Մայիսը, Աբովյանում աշխատանք է փնտրում, հույս ունի՝ եղանակները տաքանան, գործ կգտնի: Մինչ այդ տնտեսելով են ծախսում պետության տված 300000-ական դրամները:
Գործարանը մինչեւ մարտի 15-ը վերջնաժամկետ է սահմանել, պետք է դուրս գան, ընտանիքը մտադիր է Աբովյան քաղաքում տուն վարձել, աշխատել: «Ցանկացած աշխատանք կանենք, ոտքի կկանգնենք, բայց նախնական շրջանում մեծ օգնություն կլիներ, եթե բնակվարձը զեղչեին»:
Հայաստանի կառավարությունը նախատեսում է բնակվարձի փոխհատուցում տալ տեղահանվածներին ու Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատածներին, նախագիծը դեռ անցյալ տարվա նոյեմբերից քննարկման ու մշակման փուլում է:
Ընտանիքի հետ Մարտակերտի Դրմբոն գյուղից տեղափոխվել է նաեւ Գոհարի մայրը, բարեկամի տանն էր ապրում: Առաջիկա մեկ տարում չի ուզում վերադառնալ, կկայունանա իրավիճակը, կմտածի հետ գնալու մասին: «Եթե պետք է գնամ վարձով, վախը սրտումս ապրեմ, կմնամ այստեղ, միեւնույնն է, ամեն ինչ նորից պետք է սկսել, տարբերություն չկա, սա էլ է մեր հայրենիքը»:
Ընտանիքի համար փոքր-ինչ հուսադրող է այն, որ Արցախում նոր շենքեր են կառուցվում, բնակարանների են վերափոխվում տարբեր նշանակության շինություններ: Արցախում բնակարան ստանալու համար գրանցվել են, լուրի են սպասում, մինչ այդ ապրում են անորոշության մեջ՝ միայն օրվա խնդիրներով:
Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության տվյալներով Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ, իսկ մոտ 40 հազար արցախցի դեռ բնակվվում է ՀՀ-ում: Նրանք հիմնականում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանվածներն են:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։